նորություններ 14 Մայիսի, 2026 • Գումբուրդո գյուղի այգու կառուցումը դեռևս չի վերսկսվել

Ախալքալաքի քաղաքապետարանը Գումբուրդո գյուղում այգի է կառուցում։ Երկամյա նախագծի շրջանակներում աշխատանքները մեկնարկել են անցած տարի, սակայն դեռ չեն վերսկսվել, չնայած որ, ըստ պայմանագրի սկսելու էին մայիսի 1-ից։ «Պառամենռ» շինարարական ընկերությունը դա բացատրում է եղանակային պայմաններով և խոստանում է մոտ ապագայում վերսկսել շինարարությունը։

Այգին կառուցվում է գյուղում «Պրեզիդենտի աղբյուր»-ի մոտ: 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարվել էր մրցույթ Գումբուրդո գյուղում այգի կառուցելու համար։ Կառուցապատման աշխատանքների մի մասը պետք է տեղի ունենային 2025 թվականի աշնանը, իսկ աշխատանքների 2-րդ փուլը պետք է վերսկսվեր 2026 թվականի մայիսի 1-ին։ Կատարված են հիմնային աշխատանքներ։

Գումբուրդոյի բնակիչների խոսքով, մի քանի օր առաջ շինարարությունը իրականացնող ընկերության ներկայացուցիչները եղել են տեղում և ուսումնասիրել տարածքը, սակայն աշխատանքներ այս տարի չեն տարվել: Այսօր, մայիսի 14-ին, երբ Jnews-ը այցելել էր Գումբուրդո գյուղ, շինհրապարակում նույնպես շինարարական աշխատանքներ չէին տարվում:

Jnews-ը կապ հաստատեց աշխատանքների պատասխանատու Դավիթ Չաչանիձեի հետ ուշացման պատճառները և հնարավոր խնդիրների առկայությունը պարզելու համար։

«Աշխատանքները վերսկսելու որևէ խնդիր չկա, ուշացման պատճառը՝ վատ եղանակն ու անձրևներն են, քանի որ այս փուլում պետք է աշխատեն էլեկտրիկները։ Հողը թաց է, նրանք չեն կարող այս պահին աշխատել, շաբաթ օրը լավ եղանակ է սպասվում, հավանաբար աշխատանքները կսկսենք շաբաթ օրը», — ասաց Դավիթ Չաչանիձեն։

Նշենք, որ  առաջին մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերի 10-ին, սակայն նախագծահաշվարկային փաստաթղթերի անճշտությունների պատճառով դադարեցվել էր։

Այգու կառուցման համար ծախսվելու է 284 518  լարի։ Մրցույթը հաղթել է ՍՊԸ «Պառամետռ»-ը։ Այգում նախատեսվում է կառուցել մեկ փակ և երկու բաց տաղավար, նստարաններ, ինչպես նաև նախատեսվում է  լուսավորել և կանաչապատել այգու տարածքը։ Ըստ Jnews-ի ունեցած ինֆորմացիայի, այգում չի նախատեսվում խաղահրապարակի կառուցում, քանի որ գյուղի այդ մասում հիմնականում հավաքվում են տարեցները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝