Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքներն ընթանում են ակտիվ տեմպերով։ Ճանապարհի սկզբնական հատվածում հեռացվում է հին ասֆալտը և կատարվում են հիմնային աշխատանքներ, ինչի հետևանքով փոշի է առաջանում։ Հարակից Սուրբ Նինո փողոցի բնակիչները դժգոհում են փոշուց և խնդրում են արագացնել աշխատանքների այս փուլը:
Ախալքալաք-Կարծախ ճանապարհը արդեն մի քանի տարի է պարբերաբար դառնում է անանցանելի խորը փոսերի պատճառով: Երկու տարի է վերանորոգումը պլանավորված էր, բայց չէր կայանում: Այս տարի ապրիլ ամսից սկսվեցին վերանորգման աշխատանքները: Մոտ 30 կմ ճանապարհը վերանորոգում են երեք ընկերություն տարբեր հատվածներում, աշխատանքները իրականացվում են «Ճանապարհաշինության թիվ 1 վարչության», «ՋավախԱվտո գզա» և «Առալի» ընկերությունների կողմից։
Աշխատանքները այս պահին հիմնականում իրականացվում են ճանապարհի առաջին 3կմ հատվածում, որը համընկնում է Ախալքալաքի բերդից մինչև նախկին զինվորական ավանի (գառադոկի) տարածքի հետ։
Ճանապարհի վերականգնումը, թեև երկար սպասված էր, ժամանակավոր անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Այս մասին Jnews-ը բողոքներ է ստացել Սուրբ Նինո փողոցի բնակիչների կողմից։ Նրանք հիմնականում բողոքում են փոշու հսկայական ամպերի կուտակումից, որոնք առաջանում են մեքենաների ու բեռնատարների երթևեկությունից և անտանելի պայմաններ են ստեղծում նշված փողոոցի բնակիչների համար։
«Տնից դուրս գալ չենք կարող, աչքերս փոշի է լցվում։ Լվացքը հավաքում եմ արդեն փոշոտ, անհնար է այսպես», — մեզ հետ զրույցում նշեց Սուրբ Նինո փողոցի բնակիչ Ազգանուշ Կուրղինյանը։
Փոշին սկսել է անհանգստացնել բնակիչներին ապրիլ ամսից, այսինքն են ժամանակվանից, երբ հանվել էր հին ասֆալտի շերտը:
«Ամեն օր պատուհան եմ լվանում, ամբողջ փոշին ներս է լցվում, ոչ դուռ ենք բացում ոչ պատուհան, հայաթ դուրս գալն անհնար է դարձել», — ասաց Գոգորյան Սիրանուշը։
Այս գործընթացը փոխել է Սուրբ Նինոյի բնակիչների կենսակերպը:
«Աշխատանքից ոտքով տուն գալն անհնար է, փոշին խեղդում է, տաքսիով եմ տուն գալիս, սարսափելի վիճակ է», — ասում է Սիրարփին։
Նրանց կարծիքով, փոշին նույնիսկ ազդեցություն է ունեցել երեխայի առողջության վրա:
«Մանկահասակ երեխայիս դուրս հանեցի իբր թե մաքուր օդի, աչքը բորբոքվեց, վախից այլևս դուրս չեմ հանում երեխայիս», — ասաց փողոցի մեկ այլ բնակիչ։
Բնակիչների հիմնական ցանկությունը կայանում է նրանում, որ ճանապարհաշինարարներն հնարավորինս արագ ավարտեն վերականգնողական աշխատանքները և հետևողական լինեն փողոցը անընդհատ ջրելուն։
«Երկու օր է նկատել ենք, որ սկսել են ջրել, դրա ֆոնին փոքր ինչ քչանում է փոշին, գոնե անընդհատ ջրեն, թե չէ անհնար է այս պայմաններում ապրել», — ասում են բնակիչները։
Մենք զրուցեցինք Ախալքալաք-Կարծախ ճանապարհի սկզբնական հատվածը վերանորոգող «Ճանապարհաշինության թիվ 1 վարչության» աշխղեկ Էդիկ Միքայելյանի հետ, ով նշեց, որ առաջինը հենց նրանք են շահագրգռված արագ ավարտել փոշոտ փուլը:
«Փոշին ինձ էլ է անհանգստացնում, ես ինքս ամբողջ օրը այստեղ կանգնած եմ, էլ չեմ ասում մեքենաների ֆիլտրների մասին, որոնք արժեն 150 լարի ու ամեն օր փոխվում են։ Մեքենան անընդհատ ջրում է, բայց չի հասցնում, քամի է շատ շուտ է չորանում։ Արդեն երկրորդ տեխնիկան ենք ներգրավել, որ փոշու պրոցեսը արագ ավարտվի, հնարավորինս ամեն բան արվում է դրա համար», — նշեց նա։
Նրա խոսքով, աշխատանքները ավարտելու համար նրանք ունեն ժամանակ մինչև տարվա վերջ, այս ճանապարհի սկզբնական հատվածը՝ 0-3կմ պլանավորում են ավարտել 4 ամսվա մեջ, քանի որ դրանից հետո անցնելու են այս ճանապարհի այլ, ավելի երկար, մոտ 11 կմ հատվածի վերանորոգմանը: Թե ինչքան կտևի աշխատանքների «փոշոտ» փուլն, աշխղեկը չի կարող հստակ ասել, քանի որ հիմնային աշխատանքների ընթացքում առաջանում են չնախատեսված խնդիրներ ճանապարհի հիմքերում եղած կոմունիկացիաների հետ:





