Ապրիլի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բոլոր հանձնաժողովների նիստերի ժամանակ պատգամավորները կրկին բարձրացրել են Ախալքալաքի հասարակական տրանսպորտի հարցը, որը նախատեսվում է գործարկել այս տարի։
Պատգամավորները, մասնավորապես՝ Արմեն Մառանգոզյանը, կրկին հետաքրքրվել են, թե ինչու դեռևս չի իրականացվել Ախալքալաքի հասարակական տրանսպորտի համար որևէ փոփոխություն և ֆինանսավորման պահանջ:
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պատասխանել է, որ այս հարցի վերաբերյալ խնդիր է առաջացել։
«Ավտոբուսների համար վավերացուցիչներ տեղադրելու հետ կապված խնդիր է առաջացել։ Մեր բյուջեն Լիբերթի բանկում է գտնվում։ Միայն Սաքարթվելոն և TBC-ն են տեղադրում տերմինալներ։ Իսկ նրանք պահանջ են ներկայացնում, որ աշխատակիցների ավելի քան 50%-ը պետք է իրենցից ստանան աշխատավարձերը։ Եվ մենք չգիտենք, թե ինչպես լուծել այս խնդիրը։ Նրանք այժմ մտածում են՝ տեղադրե՞լ դրանք, թե՞ ոչ։ Դա կախված է նաև ավտոբուսների քանակից. եթե կա երկու ավտոբուս, ապա հետաքրքրվածություն չկա դրանում: Ես կցանկանայի խնդրել ձեր միջամտությունը բանկերի հետ համաձայնագրերի հարցում, որպեսզի կարողանանք ավելի արագ լուծել այս խնդիրը», — ասաց նա։
Սրան արձագանքեց պատգամավոր Նաիրի Իրիցյանը։
«Եթե այսօր երկու ավտոբուս կա, դա չի նշանակում, որ դրանք նույն քանակությամբ են մնալու։ Կարող ենք ասել, որ հաջորդ տարի կարող ենք ավտոբուսների թիվը 3–6 դարձնել։ Ինչ է նրանք մեզ չեն վստահո՞ւմ»։
Մնացական Փամբուխչյանը պատասխանեց, որ բանկերը տեղեկացված են եղել դրա մասին, և որ հիմնական խնդիրը փողի մեջ է։
«Մենք պատասխան չենք ստացել Վրաստանի բանկից, չնայած տեղի աշխատակիցներն հավուր պատշաճի արձագանքել են մեր հարցմանը, բայց մենք դեռևս պատասխան չենք ստացել կենտրոնից։ Իսկ TBC-ից ասացին, որ իրենք ցանկանում են, որ աշխատակիցները ստանան աշխատավարձն իրենց մոտից»։
Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետի խոսքով՝ բյուջեի պահպանման համար «Լիբերթի բանկի» կողմից առաջարկվող պայմանները շատ ավելի շահավետ են։
«Մենք ունենք 20%, և պայմանագիրը թույլ է տալիս միայն այդքանը։ Երբ մենք պայմանագիրը ստորագրեցինք «Լիբերթի» բանկի հետ, նրանք պահանջեցին, որ մեր աշխատակիցների 80%-ը իրենց մոտից ստանա աշխատավարձերը։ Մյուս բանկերը մեզ օրական տալիս են 7%, բայց «Լիբերթի»-ն մեզ տալիս է 11%, ինչը նշանակում է, որ բյուջեն դրանից ստանում է 1,5 միլիոն լարի։ Իսկ եթե մենք նրանց հետ պայմանագիր կնքեինք, այն կկազմեր կես միլիոն։ Մենք չենք կարող մեկ միլիոն լարիի կորուստ կրել երկու տերմինալ տեղադրելու համար», — ասաց Կարեն Մերգելյանը։
Պատգամավորներն առաջարկեցին հանդիպել բանկերի ներկայացուցիչների հետ և հետաքրքրվեցին, թե ինչպես է դա արվում Ախալցիխեում։
«Մենք առաջարկեցինք նրանց վճարել տեղադրման համար, սակայն նրանք ասացին, որ բանկի միակ շահագրգռվածությունը գումար վաստակելն է: Նրանց համար միևնույն է՝ ձեր մունիցիպալիտետն ավտոբուս ունի, թե ոչ», — պատասխանեց Մնացական Փամբուխչյանը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ խնդիրը կլուծվի հաջորդ ամիս։
Հիշեցնենք, որ ներքին մունիցիպալ տրանսպորտային գծերի փորձնական շահագործման համար գնված ավտոբուսներն Ախալքալաք էին ժամանել անցյալ տարվա նոյեմբերի 19-ին։ Գնումը կատարվել էր մրցույթի պայմաններին համապատասխան։ Ախալքալաքի քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների գնման մրցույթը հայտարարել էր 2025 թվականի ապրիլի 17-ին՝ այդ նպատակով հատկացնելով 398 000 լարի։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո էր ներկայացվել խնդրագիր։ Նրանում խոսվում էր մունիցիպալիտետում տրանսպորտային ցանց ստեղծելու անհրաժեշտության մասին։
Տեղական իշխանությունները խոստացել էին 2024 թվականի բյուջեում հասարակական տրանսպորտի գնման համար միջոցներ ներառել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով գնումը ստիպված էին եղել հետաձգել։ 2025 թվականին մունիցիպալիտետը գտել է միջոցներ, ու գնել երկու ավտոբուս։ Խնդրագրի շուրջ տեղի ունեցած քննարկումների համաձայն, տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձնական գիծ, ու եթե այն իրեն արդարացնի, ապա մունիցիպալիտետը հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը, իսկ եթե չարդարացնի, ավտոբուսները կօգտագործվեն մունիցիպալիտետի այլ կարիքների համար։



