Ապրիլի 28-ին Լատվիայի և Նորվեգիայի դեսպաններն այցելեցին Ախալքալաք և հանդիպեցին շրջանի քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական մարտահրավերները և կազմակերպությունների աշխատանքային պայմանները։
Հայաստանում և Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն և Հայաստանում և Վրաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը այցելեցին Ախալքալաք՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։ Հանդիպումը կազմակերպվել էր «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության կողմից՝ Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնի գրասենյակում։ Մասնակցում էին Ախալքալաքից և Նինոծմինդայից բլոգերներ, փոքրաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Ես և իմ գործընկերն արտակարգ և լիազոր դեսպաններ ենք և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում: Շատ շնորհակալ եմ այս հանդիպման համար. միշտ հաճելի է այստեղ լինել և զրուցել ձեզ հետ: Երկար ժամանակ լինելով Խորհրդային միության մաս՝ մենք այժմ ազատ, անկախ երկրներ ենք: Ես չեմ սիրում հիշել Խորհրդային միության ժամանակաշրջանը, ընդհանրապես, բայց սիրում եմ հիշել մեր սերտ հարաբերությունները՝ հայ-լատվիական հարաբերությունները, վրաց-լատվիական հարաբերությունները, մարդկանց միջև հարաբերությունները: Լատվիայում, ինչպես Վրաստանում, մենք ունենք մեծ հայկական համայնք, ունենք հայկական եկեղեցի, ունենք մեր հասարակության շատ սիրելի անդամներ, լավ ինտեգրված լատվիացի քաղաքացիներ, ովքեր խոսում են լատվիերեն: Մենք շատ ուրախ ենք, որ նրանք մեր երկրում կան», — իր ելույթում ասաց Վրաստանում և Հայաստանում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեն:
«Ես Նորվեգիայի դեսպանն եմ Հայաստանում և Վրաստանում 2023 թվականից։ Եվ հաճելի է վերադառնալ այստեղ՝ Ախալքալաք։ Ես այստեղ էի նոյեմբերին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և ճանաչում եմ ձեզանից շատերին։ Հաճելի է կրկին տեսնել ձեզ։ Մենք նույն պատմական խնդիրները չունենք, ինչ Լատվիան և Վրաստանը։ Մեր երկիրը Խորհրդային Միության մաս չի կազմել։ Համաձայն եմ, մեր բախտը բերել է։ Մենք ամուր կապեր ունենք Վրաստանի հետ 1990-ական թվականներից ի վեր։ Մենք օգնել ենք Վրաստանին, և ավելի փոքր չափով՝ Հայաստանին, խորհրդային շրջանից հետո նրա ինքնիշխան զարգացման և ժողովրդավարացման գործում։ Վրաստանը մեզ համար առաջնահերթ երկիր է եղել երկար տարիներ։ Ես Վրաստանում եմ արդեն երեք տարի, և շատ օգտակար է ճանապարհորդել երկրով մեկ, քանի որ մեր ժամանակի մեծ մասն անցկացնում ենք մայրաքաղաք Թբիլիսիում։ Սակայն Թբիլիսիում լինելը մեզ չի տալիս Վրաստանի ընդհանուր իրավիճակի ամբողջական պատկերը», — ներկայանալիս պատմեց Հայաստանում և Վրաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը։
Դեսպանները ներկաներից հետաքրքրվեցին շրջանում իրենց առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են կազմակերպությունները հաղթահարում և աշխատում նոր միջավայրում: Յուրաքանչյուր կազմակերպություն խոսեց իր գործունեության և հարցերի մասին, որոնց շուրջ աշխատում է:




