Ապրիլի 22-ին Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Միջոցառման ժամանակ հնչեցին ելույթներ` ուղղված պատմական հիշողության պահպանմանն ու միջազգային ճանաչման կարևորությանը։
Միջոցառման ընթացքում ուշագրավ էր մանկահասակ երեխաների մասնակցությունը․ նրանք հանդես եկան խորհրդանշական ներկայացումներով և խոսքերով, որոնք փոխանցում էին հիշողության շարունակականության գաղափարը։ Երեխաների զգացմանքային ելույթները ներկաներին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ սերունդների միջև կապը շարունակում է մնալ ուժեղ և կենսունակ։
Բեմում ներկայացվող դրվագները լսարանին ներկայացրին, որ պատմության, ցավի ու կոտորածի մասին հիշողությունը փոխանցվում է արյամբ և ապրում է զգայական բոլոր դաշտերում, ստիպեցին վերապրել այդ ողբերգությունը, ապրեցնել հիշողություններում մի ամբողջ ազգի հանդեպ կատարված ոճրագործությունը և պահանջել հատուցում միլիոնավոր խեղված կյանքերի ու ճակատագրերի, հայրենիքի կորստի համար, որը շարունակվում է մինչև այսօր։
Այս միջոցառումը կոչ էր այն բանի, որ հայերը պետք է ապրեն ու ապրեցնեն այն ազգին, ով տեղահան եղավ, կոտորվեց, բայց սերնդներին թողեց հսկայական մշակութային ու ազգային ժառանգություն, որը և չի կարող ջնջվել երբեք` ինչպիսի սահմաններ էլ որ գծվեն մարդկության կողմից։
Հեղինակ՝ Արեգնազ Լուլուկյան






