Ախալքալաքի բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են մտահոգվել բազմահազարանոց ջրի հաշիվներից: Նրանք բողոքարկել են դրանք, հարցը քննարկվում է Ազգային կարգավորման հանձնաժողովում: Մինչև հանձնաժողովից պատասխան ստանալը, Ախալքալաքի բիզնես օպերատորները կարող են ոչինչ չձեռնարկել, «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ն նրանց պատասխանատվության չի ենթարկի և չի պահանջի հաշիվների վճարում:
Ախալքալաքի բիզնեսի ներկայացուցիչները՝ Վլադիմիր Խաչատրյանի գլխավորությամբ, կապ հաստատեցին Jnews-ի հետ, խնդրելով պարզաբանել և հրապարակել ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի դիրքորոշումը, թե մինչև Ազգային կարգավորման հանձնաժողովից պատասխան ստանալը, բազմահազարանոց լարիի հաշիվների չվճարման համար, արդյոք նրանք պատասխանատվության կենթարկվեն, թե ոչ:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնից ասացին, որ մինչև Ազգային կարգավորման հանձնաժողովից, բիզնես օպերատորների բոլոր բողոքների և պահանջների պատասխան ատանալը գործընթացը կասեցվել է:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ -ն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, բազմաթիվ բիզնես օպերատորների համարեց ջրամատակարարման համակարգին անօրինական միացված և նրանց ուղարկեց հազարավոր լարիի անհիմն վճարներ։ Սա դժգոհություն առաջացրեց շրջանի ձեռնարկատերերի շրջանում։ Նրանց խնդրանքով, մարտի 24-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում, տեղի ունեցավ հանդիպում ընկերության մարզային ներկայացուցիչների հետ, որտեղ նրանց տրամադրվեց գրավոր բողոք՝ հետագա Ազգային կարգավորման հանձնաժողով փոխանցման նպատակով։
Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին հայտնեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է։
«Մինչև Վրաստանի կարգավորող հանձնաժողովից պատասխան չստանանք, որևէ որոշում չենք կարող կայացնել։ Մինչև պատասխան ստանալը, բիզնես օպերատորները կարող են չկատարել վճարումները, ես դեռևս, դրանց գանձելու վերաբերյալ, որևէ հրահանգ չեմ ստացել։ Սակայն հանձնաժողովի պատասխանը կարող է վերջնական չլինել, և մեր կազմակերպությունը, իր հերթին, կարող է որոշ հարցերում զիջումների գնալ, սակայն դա հնարավոր է միայն պատասխանը ստանալուց հետո», — նշեց Վախթանգիշվիլին։
Կարգավորող հանձնաժողովին ուղղված դիմումի բարձրացված հարցերից մեկը բիզնես օպերատորներին որպես բաժանորդ գրանցման վճարն է, այսինքն բիզնես օպերատորներին հաշվիչների տեղադրման 1200 լարի արժեքը: Բիզնեսի ներկայացուցիչներն այս գինը համարում են անհիմն բարձր, քանի որ շատ դեպքերում բաժանորդների գրանցումը ենթադրում է միայն մեկ հաշվիչի տեղադրում, առանց հարակից ենթակառուցվածքների արդիականացման: Հետևաբար, բիզնեսի ներկայացուցիչները նաև հետաքրքրված են, թե արդյոք նրանք կտուգանվեն հաշվիչների չտեղադրման համար, մինչև հանձնաժողովից որոշում ստանալը:
Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, այս հարցը նույնպես քննարկման մեջ է:
«Բիզնես օպերատորների բողոքներից մեկը հաշվիչների տեղադրման արժեքն էր՝ 1200 լարի: Ես այս հարցի պատասխանը նույնպես չունեմ, այն նույնպես կասեցված է: Սակայն, արդեն ստանում ենք հաշվիչների տեղադրման բազմաթիվ դիմումներ: Աշխատանքը շատ է, չենք հասցնում, Ախալցիխեից լրացուցիչ աշխատողներ ենք բերել: Բիզնես օպերատորները նույնպես մինչև պատասխան ստանալը, հաշվիչներ չտեղադրելու համար, պատասխանատվության չեն ենթարկվի», — հավելեց նա:
Նրա խոսքով, օրական 4-5 հաշվիչ է տեղադրվում, և մինչ օրս ստացվել է հաշվիչների տեղադրման 88 հայտադիմում։
Առայժմ բիզնես օպերատորները անորոշության մեջ են, որոշման սպասումներով, ինչից կախված է նրանց հետագա ֆինանսական ծանրաբեռնվածությունը։
Ջրամատակարարման ընկերության ներկայացուցիչները բիզնեսին խոստացան ուսումնասիրել նրանց բողոքները



