Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչները բողոքում են խարխուլ բակերից և բարեկարգման բացակայությունից: Նրանք ասում են, որ անձրևից հետո իրենց շքամուտքերի շրջակայքը վերածվում է անանցանելի ջրափոսերի, սակայն քաղաքապետարանից հայտարարում են, որ աշխատանքները կսկսվեն միայն կոյուղու համակարգը փոխարինելուց հետո:
Նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչները բողոքում են տարածքի ծայրահեղ վատ վիճակից: Վիճակը հատկապես ծանր է շքամուտքերի մոտ, բակերում առաջացել են մեծ փոսերը, որոնք անձրևի ժամանակ վերածվում են փոքրիկ լճակների:
Թիվ 495 շենքի բնակիչ Սյոմա Չոբանյանը նամակ է ուղարկել խմբագրություն՝ նշելով, որ նախկին զինվորական ավանի խնդիրներն երկու տարուց ավելի է անտեսվում են։
«Թիվ 495 շենքի դիմաց, որտեղ խաղում են իմ չորս երեխաները և ուրիշ երեխաներ, կուտակված ջրի պատճառով անհնար է մաքուր մնալ նույնիսկ հինգ րոպե։ Հնարավորության դեպքում խնդրում ենք ձեզ աջակցել բակի բարեկարգմանը», — ասվում է նամակում։
Հարկ է նշել, որ նմանատիպ իրավիճակ նկատվում է գրեթե բոլոր բակերում։ Առաջացած տարբեր չափերի փոսերը լցվում են անձրևաջրերով, ինչը տարածքը դարձնում է դժվարանցանելի։
Նախկին զինվորական ավանը երկար տարիներ չի բարեկարգվել։ Վերջին անգամ աշխատանքներ են իրականացվել 2015 թվականին, երբ ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը, սակայն այսօր այն կրկին վերանորոգման կարիք ունի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ տարածքի բարեկարգումը կսկսվի միայն ավանի կոյուղու համակարգի ամբողջական փոխարինումից հետո։
Քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պարզաբանեց.
«Այս տարի նախկին զինվորական ավանի կոյուղու համակարգը նախատեսվում է փոխարինել։ Բոլոր շենքերի բակերը փորվելու են, և միայն այս աշխատանքների ավարտից հետո կսկսվեն բարեկարգումները», — նշեց նա։




