Կորխ և Թոթխամ գյուղերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար, որտեղ տարիներ շարունակ խմելու ջրի սուր պակաս է զգացվում, Ախալքալաքի մունիցիպալիտետը, 608 137 լարի արժողությամբ, նոր ջրագծի կառուցման մրցույթ է հայտարարել։
Խնդիրը հատկապես սուր է Թոթխամ գյուղում, որտեղ բնակիչները պարբերաբար բողոքում են ջրամատակարարման ընդհատումներից։ Նոր ջրամատակարարման գծի կառուցման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Այս նախագիծը տեղական իշխանությունները խոստացել էին իրականացնել դեռ յոթ տարի առաջ։
Մրցույթը հայտարարվել է ապրիլի 16-ին, առաջարկները կընդունվեն մինչև մայիսի 7-ը։
Այժմ Կորխ և Թոթխամ գյուղերը խմելու ջուր են ստանում «Աբլար»-ի ջրամբարից նույն խողովակաշարով։ Սակայն Կորխ գյուղի ցածր դիրքի պատճառով ջուրը նախ հոսում է այնտեղ, իսկ Թոթխամ հասնում է միայն երեք օրը անց, այն էլ պոմպի օգնությամբ։ Իսկ հունիսից մինչև սեպտեմբեր երկու գյուղերի բնակիչներն ընդհանրապես մնում են առանց խմելու ջրի։
Նախագծի համաձայն, նոր ջրագիծը ևս կանցկացվի «Աբլար» ջրամբարից։
Մի քանի տարի շարունակ Թոթխամի բնակիչները իրենք իրենց ուժորով խողովակներ են գնել, սեփական ուժերով նոր ջրագիծ անցկացնելու նպատակով։
«Գնված խողովակների մի մասը մենք կօգտագործենք գյուղում։ Եթե նոր խողովակաշարը մեզ ջրով ապահովի, մենք խողովակների կեսը կօգտագործենք գյուղում, իսկ մնացածը կհանձնենք մունիցիպալիտետին։ Եթե ջուրը կրկին չբավականեցնի, ապա մենք այդ խողովակնորով լրացուցիչ գիծ կանցկացնենք Մաջադիա գյուղի մոտ գտնվող բլուրից։ Բնակիչները կասկածում են, քանի որ Կորխը ցածր դիրքի վրա է, և մենք վախենում ենք, որ ջուրը կարող է կրկին մեզ չհասնել», — նշում է Թոթխամ գյուղի մասնագետ Մեսրոպ Իրիցյանը։
Նոր ջրագիծը կանցնի լեռնային տեղանքով, և Թոթխամի բնակիչները հույս ունեն, որ այն գյուղերի բնակիչները, որտեղով կանցնի գիծը, ինքնակամ չեն միանա համակարգին և ջուրը չեն տանի։



