Գյուղատնտեսական Ջավախք մարզում հացահատկեղենի գարնանային ցանքսն այս տարի, ցուրտ եղանակի և չափից դուրս խոնավ հողի պատճառով, հետաձգվում է։ Ֆերմերներն ու գյուղատնտեսները զգուշավոր լավատեսությամբ են նշում, որ շատ բան կախված կլինի առաջիկա շաբաթների եղանակային պայմաններից։
Ախալքալաքի և Նինոծմինդայի որոշ շրջաններում գիշերային ցրտահարությունները շարունակվել են մինչև ապրիլի սկիզբը։ Ինչի պատճառով հողը չի տաքացել, երկար ժամանակ մնացել է խոնավ, իսկ այդպիսի հողն անբարենպաստ է հացահատիկ ցանելու համար։
Գյուղատնտես և ֆերմեր Եղիշ Աղաջանյանը կարծում է, որ լուրջ խնդիրներ չկան։
«Հացահատիկի համար մի փոքր ուշ է, չնայած հիմա ամեն ինչ նորմալ է։ Եթե երեք օր տեղումներ չլինեն, և հողը տաքանա, գյուղացիները կկարողանան սկսել ցանքը։ Իսկ կարտոֆիլի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում», — ասում է գյուղատնտեսը։
Ուշացած ցանքը իսկապես կարող է ազդել բերքատվության վրա։ Սակայն, գյուղատնտեսները նշում են, որ եթե ցանքը հետաձգվի մեկ-երկու շաբաթով, կորուստները նվազագույն կարող են լինել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները սովորաբար հացահատիկի ցանքը սկսում են ապրիլի 8-ին։
Ֆերմեր Ենոք Բաբաջանյանը նույնպես կարծում է, որ մեկից մեկուկես շաբաթ ուշացումն էական ազդեցություն չի ունենա հացահատկեղենի բերքի վրա։
«Նախորդ տարիների համեմատ, այս տարի մունիցիպալիտետում ցանքսն ուշանում է, բայց չեմ կարծում, որ դա կազդի բերքատվության վրա։ Եղանակը կբարելավվի 3-4 օրից, և ցանքսը կսկսվի», — ասում է նա։
Եթե մայիս և հունիս ամիսներին եղանակը բարենպաստ լինի, բույսերը «կհասցնեն» զարգանալ։
Առայժմ կանխատեսումը մնում է զգուշավոր։ Եթե առաջիկա շաբաթներին կայուն տաք եղանակ լինի, առանց ջերմաստիճանի կտրուկ տատանումների, բերքը կլինի միջին մակարդակի։ Սակայն, եթե ամառը չորային լինի կամ եղանակային հետագա անոմալիաներ առաջանան, տարածաշրջանը կարող է բախվել հացահատիկային մշակաբույսերի բերքատվության զգալի նվազմանը։


