Ախալքալաքի մի շարք գյուղերում մեկնարկել են գազիֆիկացման երկար սպասված աշխատանքները, որոնց շնորհիվ բնակիչները վերջապես կկարողանան իրենց տներն ապահովել բնական գազով։
SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը տեղեկացնում է, որ ընկերությունն այս պահին ակտիվորեն գազիֆիկացման աշխատանքներ է իրականացնում Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի բնակավայրերում, մասնավորապես՝ Աբուլ, Բուզավեթ, Մոդեգամ և Սամսար գյուղերում։
«Աբուլ գյուղում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են գտնվում, իսկ մնացած գյուղերում գործընթացը շարունակվում է։ Գործն ավարտելուց հետո մեզ անհրաժեշտ է թույլտվություն՝ գազը միացնելու համար։ Մենք աշխատում ենք, որ մինչև ջեռուցման սեզոնը բնակիչներն ունենան բնական գազ, բայց ամեն ինչ մեզանից կախված չէ», — նշեց SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյան։
Jnews-ը այցելեց Աբուլ և Բուզավեթ գյուղեր՝ տեղում պարզելու, թե ինչ փուլում են գազիֆիկացման աշխատանքները։ Երկու գյուղերում էլ աշխատանքներն ընթանում էին ակտիվորեն. տեխնիկական աշխատակիցները գազատարներ էին տեղադրում։
Լուսանկարն արված է Աբուլ գյուղում
Բնակիչները պատմում են, որ տարիներ շարունակ սպասել են այս գործընթացի մեկնարկին։ Աբուլ գյուղի բնակիչ Միսակ Բդոյանն ասում է․
«Սա մեզ համար մեծ թեթևացում է։ Ձմեռն առանց փայտի և ածուխի դիմավորելը մեծ տարբերություն է տալու՝ թե հարմարության, թե ծախսերի տեսանկյունից։ Ընկերությունից խոստացել են, որ մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը մենք արդեն կունենանք գազ։ Այս պահին գոմաղբն ենք օգտագործում որպես վառելիք, բայց գազի գալուց հետո այն կօգտագործենք որպես պարարտանյութ, ինչն ավելի արդյունավետ կլինի»։
Իսկ Բուզավեթ գյուղի բնակիչ Հակոբ Քուռոյանն ընդգծեց․
«Երկար տարիներ սպասել ենք գազի գալուն, և հիմա վերջապես այն հասավ մեր գյուղ։ Աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով, ինչը շատ ուրախալի է։ Գազի հասնելը մեր գյուղի համար շատ կարևոր է, և ունի ռազմավարական նշանակություն՝ ոչ միայն կյանքը հարմարավետ դարձնելու, այլև գյուղի զարգացման համար։ Գազը կօգնի գյուղացիներին նվազեցնել ծախսերը և բարելավել սոցիալական պայմանները։ Մենք հույս ունենք, որ այս փոփոխությունը կբերի մեծ առաջընթաց մեր համայնքի համար»։
Կարդացեք նաև՝
- Աբուլում գազի բաժանորդներն ավելի շատ կլինեն, քան ծխացող տները
- Գազիֆիկացվում են մունիցիպալիտետի ամենաբարձրադիր գյուղերը
- Ջավախքի ո՞ր գյուղերը կգազիֆիկացվեն 2024-2025 թվականներին
- Քննարկվում է Բուզավեթ գյուղի գազիֆիկացման հարցը