նորություններ 15 Մայիսի, 2025 • Անձրևների պատճառով կարտոֆիլի ցանքսն ուշանում է

Ախալքալաքի շրջանի մի շարք գյուղերում կարտոֆիլի ցանքսն այս տարի նկատելիորեն ուշացել է։ Ֆերմերները մտահոգված են՝ հողը չափազանց թաց է, և եղանակային պայմանները չեն թողնում սկսել գյուղատնտեսական աշխատանքները։

Ֆերմերների մեծ մասը կարծում է որ, ինչքան շուտ ցանվի կարտոֆիլը, այնքան բարձր կլինի կարտոֆիլի բերքատվությունը։

Օրջա գյուղից Մելսիկ Մկոյանը կարծում է, որ հողագործությունը շատ դժվար և աշխատատար գործ է։ Նրա կարխիքով այս տարի կարտոֆիլի ցանքսն Ախալքալաքում զգալիորեն ուշացել է։

«Հաճախակի և ինտենսիվ անձրևները մեզ չեն թողնում մտնել դաշտ։ Հողը թաց է, ցեխոտ, տեխնիկան չի աշխատում, սերմերն էլ չենք կարող ժամանակին ցանել։ Եթե այսպես շարունակվի, վտանգ կա, որ բերքը կամ ուշ լինի, կամ էլ շատ պակաս։ Ամեն տարի արդեն այս ժամանակ մենք ցանքսը ավարտած էինք լինում, իսկ հիմա դեռ չենք սկսել», — ասում է Օրջա գյուղի բնակիչ Մելսիկ Մկոյանը։

Վարևան գյուղի բնակիչների մի մասը կարտոֆիլի ցաքսը ավարտել է, իսկ մի մասն էլ սպասում է, որ հողը չորանա։

«Ես անցած տարի ցանել էի 2 հեկտար, այս տարի ցանելու եմ 80 ար կարտոֆիլ։ Տեխնիկա չունեմ, ամեն ինչի համար գումար եմ վճարում, հոգնել եմ ուրիշին դիմելուց, ավելի լավ է քիչ ցանեմ։ Անցած տարի 50 ար ստիպված կարտոֆիլ բահով եմ քանդել, մի քանի անգամ գյուղի տրակտորիստներին դիմեցի, բայց մերժեցին, հիմա մարդկությունը վերացել է, ամեն մարդ իր համար է ապրում», – ասում է Վարևան գյուղի բնակիչը, ով չուզեց նշել անուն ազգանունը։

Օրջա գյուղից Մանուկ Նիկողոսյանը դեռ չի սկսել կարտոֆիլի ցանքսը։ Նա պատրաստվում է տասը հեկտարից ավելի կարտոֆիլ ցանել։ Գոհ է անցած տարվա բերքատվությունից և իրացման գներից։

«Այս տարի անձրևները շատ են խանգարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելուն, ստիպված սպասում ենք, որ հողը չորանա։ Անցած տարի ես ցանել էի 18 հեկտար կարտոֆիլ, իսկ այս տարի ցանելու եմ 10 հեկտար։ Կարտոֆիլի ցանքատարածություները կրճատելու պատճառներից մեկն այն է, որ ուզում եմ ամբողջը նոր սերմ ցանեմ։ Իմ կարծիքով, շատ չենք ուշացել ցանքսից, առջևում կան դեռ կան լավ օրեր, կհասցնենք», – ասում է Մանուկ Նիկողոսյանը։

Վարևան գյուղից Գենեվարդ Աբաջյանն ասում է, որ իրավիճակը ծայրահեղ է։

«Անցած տարի մինչև ապրիլի 20-ը մեր շրջանում ամբողջությամբ ցանքսն ավարտված էր։ Այս տարի հակառակ պատկերն է։ Մայիսի կեսերն ենք, բայց  դեռ ցանքսը չենք սկսել։ Հիմա հողը մի փոքր չորանում է, նորից անձրևում է։ Ժամանակը գնում է, իսկ մենք դեռ չենք սկսել»։

Իսկ Ֆերմեր Արշալույս Գալստյանի խոսքով, կարտոֆիլին երկու ամիսը բավական է բերք ստանալու համար։

«Բնակլիմայական տաքացում կա մեր մոտ, երկու ամսվա ընթացքում կարտոֆիլը լիարժեք հասցնում է։ Սա կապված է եղանակային տաքացման հետ։ Եթե կարտոֆիլը մինչև հունիսի 10-ը ցանենք, ապա նորմալ է։ Մեր հասարակությունն ամեն ինչի մեջ վատն է տեսնում, բայց պետք չի հիասթափվել, առջևում կան լավ օրեր ֆերմերները կհասցնեն ցանել։ Ամեն ինչում պետք է տեսնել դրականը և լավը», — ասաց Արշալույս Գալստյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝