Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսարը շրջանի հեռավոր գյուղերից է։ Այստեղ մարդիկ միայն խոսում են անվերջանալի թվացող խնդիրներից:

Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ. դրանցից ամենակարևոր խնդիրներից է` գազաֆիկացումը, ամբուլատորիայի, մանկապարտեզի բացակայությունն ու քարուքանդ ճանապարհը։ Բնակիչների խոսքերով, անցած տարիներ ընթացքում իրենց գյուղում ոչ մի դրական փոփոխություն չի եղել։

Samsar1

«Ընտրության ժամանակ գալիս խոստումներ են տալիս, որ ձեր գյուղի խնդիրները կլուծենք, բայց ինչպես տեսնում եք, նույն տեղում ենք, ոչ մի խնդիր էլ չի լուծվում։ Ճանապարհի պատճառով նույնիսկ գյուղատնտեսական ապրանքները չենք կարողանում վաճառել։ Ոչ մի գնորդ այս ճանապարհով գյուղ չի գալիս, բոլոր գյուղերում բեռնատար մեքենաներ են գնում կարտոֆիլ առնելու բացի մեր գյուղից»,- ասաց Փոքր Սամսար գյուղի բնակիչ Ավագյան Գալուստը։

Ինչպես գյուղացիներն են նշում՝ եթե 2000-ականների սկզբներին Փոքր Սամսարում ապրում էր 1300 մարդ, ապա հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով մինչև 300-ի։

«Մնացել է մոտավորապես 270 – 300 մարդ։ Աշխատատեղերի և ժամանակակից կյանքին անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով երիտասարդները լքում են գյուղը»,- ասաց գյուղի բնակիչ Խաչատրյան Վարշամը։

Միաժամանակ, հավելելով․ «Կաթը նույնպես չենք կարող վաճառել, գնորդներ կան, բայց երբ իրենք են ուզում այդ ժամանակ էլ գալիս են։ Իսկ երբ չեն գալիս, պատճառաբանում են, որ ճանապարհը դժվարանցանելի է»։

Samsar2

Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղ հասնելու համար ժամ ու կես է պահանջվում։ Այս բնակավայրը ոչ միայն հեռու է կենտրոնից, այլև գազիֆիկացված չէ, չունի ամբուլատորիա ու մանկապարտեզ։

Եթե բնական գազին փոխարինում է փայտը և ջեռուցման խնդիրը ինչ-որ չափով լուծվում է, ապա ամբուլատորիայի բացակայությունը կյանքի խնդիր է հատկապես ձմռան ամիսներին, երբ ճանապարհը փակվում է։

«Դեպքեր են լինում, որ մարդուն անհրաժեշտ է առաջի բուժօգնություն, բայց ճանապարհը փակ է, գոնե ամբուլատորիան աշխատի, ուրիշ բան չենք ուզում»,- հավելեց Փոքր Սամսար գյուղի բնակիչ Պապոյան Ռուդիկը։

Samsar3

Գյուղացիները դժգոհում են գյուղի բացիթողի վիճակից և նշում գյուղից արտագաղթի այող տեմպերի մասին։

«Եթե այս տեմպերով շարունակվի, գյուղը լրիվությամբ կդատարկվի, նախապես պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել, այլապես ուշ կլինի»։