Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորների առաջարկով մյուս տարի քաղաքի ելքի և մուտքի մոտ տեղադրված վրացերեն ցուցանակների հնարավոր է ավելանա նաև հայատառ նշագրում:
Նոյեմբերի 24-ին, Ախալքալաքի շրջանային ժողովի բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ ժողովականների կողմից առաջարկ եղավ Ախալքալաք քաղաքի ելքի և մուտքի վրա վրացերենով գրված ցուցանակի կողքին ավելացնել նաև հայերեն տարբերակը: Նման առաջարկությամբ հանդես եկավ ժողովի պատգամավոր Շիրվան Շիրինյանը:
«Օրենքի մեջ գրված է, Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված են մեր իրավունքները: Իրավունք ունես ցանկացած լեզվով գրելու, եթե դրա հետ մեկտեղ գրում ես նաև պետական լեզվով, այստեղ օրենքի խախտում չկա: Ուզում ես խանութի վրա հայերեն կգրես, ուզում ես անգլերեն, բայց պարտադիր պետք է գրես նաև պետական լեզվով, այսինքն վրացերենով», – ասաց Շիրվան Շիրինյանը:
Նիստին ներկա ժողովականները ևս միացան հնչեցված առաջարկին, ավելացնելով, որ հայատառ նշումներ լինեն նաև քաղաքի փողոցների, ինչպես նաև գյուղերի վրացերեն լեզվով գրված անվանումների կողքին:
Ախալքալաքի և ելքի, և մուտքի մոտ տեղադրված ցուցանակները միայն վրացերեն լեզվով են գրված: Քաղաքի որոշ փողոցներ նշված են և վրացերենով, և հայերենով: Իսկ գյուղերի ցուցանակների վրա բացառապես վրացերեն և անգլերեն լեզուներով է գրված: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն օրինակ Ախալցխա (Ախալցիխե) քաղաքի, որտեղ գլխավոր ճանապարհների վրա նշված է՝ դեպի Թբիլիսի, Ախալքալաք, թուրքական, հայկական սահմաններ նշումները, Ախալքալաքում միայն նշված է դեպի թուրքական սահման գրառումը: Ինչը վարորդներին հաճախ շեղում է ճիշտ ճանապարհից: Խնդիրը արդիական է դառնում հատկապես ամռանը, երբ հայաստանցի զբոսաշրջիկները Ախալքալաքով գնում են Բաթումի հանգստանալու:
Աղունիկ Այվազյան