«Ջավախքի հայ գրողների միությունը» ընդլայնման և ակտիվացման կարիք ունի: Ակտիվ գործունեության համար այն Ախալքալաքում գրասենյակի հիմնում է ակնկալում:

«Ջավախքի հայ գրողների միությունը», չնայած գոյություն ունեցող դժվարություններին կրկին գործում է ու ակնկալում հասարակության ակտիվ ներգործությունը, որպեսզի շարունակի արդեն վաղուց պլանավորած աշխատանքները։

Միությունը հիմնվել է 1990 թվականին, այդ ժամանակ այն հանդիսացել է Հայաստանի Հայ գրողների միության մասնաճյուղ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տիրող խառը իրավիճակում գրողների միությունը նույնպես ճգնաժամային փուլում է հայտնվել, և միայն 2004 թվականին այն վերակազմավորվեց, որպես առանձին կազմակերպություն: Սակայն 2008-ից հետո անհայտ ձևով կազմակերպության գրանցման համարը անհետացել է, և նույն անվանումով կազմակերպություն է հայտնվել այլ համարի տակ և այլ անդամներով:

«Ինձ մեկ ամիս ժամանակ տվեցին, որպեսզի համապատասխան փաստաթղթերով ապացուցեի, որ դա ես եմ ստեղծել: Ես բոլոր փաստաթղթերը հավաքեցի և ուղարկեցի Թբիլիսի: Նրանք արդեն 2009-ից 2012-ը կրկին վերականգնեցին ու արտոնագիր տվեցին», – ասաց «Ջավախքի հայ գրողների միության» նախագահ Եգոր Մովսիսյանը։

Միությունը այսօր կրկին ունի 5 անդամ՝ Եգոր Մովսիսյան, Արմենակ Ասատրյան, Համլետ Անատոլյան, Կառլեն Կարապետյան, Ռուբիկ Ավետիսյան։ Այսօր նախագահի գերնպատակն է դպրոցականների և ուսանողների շրջանում փնտրել և գտնել տաղանդավոր անձանց, ովքեր կլինեն միության անդամ և ակտիվիստ։

Եգոր Մովսիսյանը համարում է, որ Միության ակտիվ գործունեության համար նաև հարկավոր է գրասենյակ Ախալաքալաքում, քանի որ Միությունը չունի ոչ մի հավաքատեղի: Սակայն այսօր այն գրասենյակի համար միջոցներ ևս չունի:

Մովսիսյանը հույս է հայտնում, որ Միությունը ակտիվանալու և ծավալելու է ակտիվ գործունեություն:

Ջուլիետա Տոնականյան