Ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղից մինչև Կոթելիա տանող ճանապարհը 6,68 կմ երկարությամբ:

Հունիսի 15-­ից սկսվել են ճանապարհաշինական աշխատանքները Արագվայից­ Կոթելիա ճանապարհահատվածում, որտեղ նախատեսվում է մինչև տարեվերջ ասֆալտապատել 6.68 կմ ճանապարհ։

ՍՊԸ «Ա.Ա.Բ», որը շահել է աշխատանքները անցկացնելու տենդերը, հայկական կազմակերպություն է գրանցված Վրաստանում, այն արդեն 5 տարի է ինչ վրացական շուկայում է աշխատում։

Տենդերը հայտարարվել է 4 500 000 լարիով, սակայն ընկերությունը այն շահել է 4 000 000 լարիով։

«Աշխատանքները ընթանում են ճանապարհի ամբողջ երկայնքով, այժմ հողային շերտի հեռացումը և ճանապարհի լայնացման աշխատանքները արդեն վերջացրել ենք»,­ – ասաց ասֆալտապատման աշխատանքների պատասխանատու Վահե Մարգարյանը։

Ճանապարհը, որ ուներ 6 մետր լայնություն, նորոգումից հետո կլինի 10 մետր, լինելու են մայթեր և 4 կանգառ, որոնցից երկուսը Կոթելիայում, մեկը Զագի խաչմերուկում և ևս մեկը Արագվայում, ճանապարհաշինական ծրագրում ներառված է նաև Արագվա գյուղի կամուրջի վերանորոգումը։

Աշխատանքների համար տրված է 15 ամիս ժամկետ, սակայն ընկերությունը խոստանում է աշխատանքները ժամկետից շուտ վերջացնել՝ մինչև ձմեռ։

«Մարդկային ուժ, որպես բանվոր չի լինելու, բոլոր աշխատանքները կատարելու է տեխնիկան։ Տեղի տեխնիկաները աշխատեցնում են տեղացիները, իսկ այն տեխնիկան, որը բերում ենք Հայաստանից, աշխատեցնում են մեր աշխատակիցները», -­ ասաց Վահե Մարգարյանը։

Ճանապարհաշինական աշխատանքի բնույթը ընկերության նախատեսված նախնական տարբերակից փոփոխվել է։

«Ըստ կազմակերպության պլանավորածի ասֆալտը պետք է լիներ 1 շերտ 5 սմ հաստությամբ, բայց դա մեր եղանակային պայմաններին չի համապատասխանում հետևաբար կանենք այնպես, ինչպես Ախալքալաքում՝ այսինքն 2 շերտ ասֆալտապատում 4-սմ հաստությամբ»,­ – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։

Ջուլիետա Տոնականյան