Ախալքալաքում Արդարադատության տան հիմքը պատրաստ է, այժմ կառուցվում է առաջին հարկը: Շենքը կլինի երկհարկանի և ապակե: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել հոկտեմբերի 16-ին:

Ախալքալաքում Արդարադատության տունը կառուցվում է քաղաքի հարավային կողմում, նախկին ջրախողովակային ծառայության տարածքում, Հարկային ծառայության շենքի կողքին, Ազատություն փողոցի վրա: Շինարարությունը սկսվել է այս տարվա մարտ ամսին:

Ապակե, երկհարկանի շենքի առաջին հարկում կլինի աշխատակազմը, իսկ երկրորդում՝ գրասենյակները: Հարկերի միջև կլինեն ծաղկանոցը և թեքահարթակները (պանդուս): Շենքում կլինի նաև մեծ դահլիճ` պսակադրության և այցելուների սրահով:

Շենքի հիմքը պատրաստ է: Ընթանում է առաջին հարկի շինարարությունը: Շինարարական աշխատանքները իրականացնում է թբիլիսյան ՍՊԸ «Պրիզմա 2015» ընկերությունը: Ինչպես հայտնում է ընկերության կառավարիչ Մերաբ Խորավան, նրանք Ախալքալաքում կատարում են նաև Վրաստանի պաշտպանության նախարարության շինարարական պատվերները նախկին զինվորական №1 ավանի տարածքում:

Ըստ շինարարության ինժեներ Թամազ Կերեսելիձեի, Արդարադատության տան տարածքը կազմում է 600 քմ.: Նախատեսվում է, ի լրումն հիմնական մասնաշենքի կառուցել պահեստ, ավտոկայանատեղի, ավտոտնակ և կաթսայատուն:

Ըստ շինարարական ընկերության մենեջեր և ներկայացուցիչ` Մերաբ Խորավայի, անձրևոտ եղանակը խանգարում է, բայց ընկերությունը ժամկետի մեջ կտեղավորվի՝ այսինքն աշխատանքը կավարտի մինչ հոկտեմբերի 16-ը:

«Շենքը լինելու է շատ բարձր: Հարկերի միջև կլինի ծաղկանոց և թեքահարթակներ (պանդուս): Կարծում եմ, որ սա կլինի լավագույն շենքերից մեկը, որը պատվիրել է Արդարադատության նախարարությունը: Անձրևների պատճառով, մի քիչ հետ ենք ընկնում, բայց հիմա, երբ եղանակը բարելավվել է վերականգնում ենք: Անձրևները խանգարում էին աշխատանքին: Ես կարծում եմ, որ ժամկետներում կտեղավորվենք», – ասում է Մերաբ Խորավան:

Շինհրապարակում աշխատում է 20 մարդ: Ըստ մենեջերի աշխատողների մեծամասնությունը տեղացիներ են:

zdanie yusticii

Նույնատիպ շենքեր, բայց փոքր մասշտաբներով Արդարադատության նախարարությունը նախատեսում է կառուցել Ախալքալաքի շրջանի Բարալեթ և Գումբուրդո գյուղերում: Գյուղերի Արդարադատության տներում կգործի «Մագթի» ծառայությունը, բանկային ծառայություն, ինչպես նաև գյուղատնտեսական ծառայությունների սպասարկման կենտրոն:

Շուշան Շիրինյան