Ախալքալաքի վարչությունն անցկացնում է շրջանի մանկապարտեզների վերակազմավորում, ըստ որի բոլոր մանկապարտեզները միավորվում են, որպես մեկ ընդհանուր միավորում: Պարտադիր վերակազմակերպման հետ մեկտեղ նաև աշխատանքից հեռացնում են թոշակառուներին:

Ախալքալաքում ժամանակին գործում էր 5 մանկապարտեզ, բայց անցյալ դարի սոված և ցուրտ 90-ականներից հետո մնացին՝ երեքը, նախկին մանկապարտեզների շենքերից մեկը վերածվեց դատարանի, իսկ երկրորդը՝ մենաստանի:

Ախալքալաքում մանկապարտեզները սովորաբար անվանում են տնօրենների անուններով, ովքեր երկար տարիներ շարունակ կառավարվում են դրանք, օրինակ մանկապարտեզ №1-ը` կոչվում է «Մարգոյի մանկապարտեզ», №2-ը` «Լամարայի մանկապարտեզ» և №3-ը` «Մարիայի մանկապարտեզ»:

Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ քաղաքային մանկապարտեզների երեք տնօրեններից երկուսին` Լամարա Աբոյանին և Մարգարիտա Գալստյանին ազատել են աշխատանքից, պատճառը տնօրենների թոշակային տարիքն է, նշենք, որ երկու տնօրեններն էլ 66 տարեկան են: Նույնիսկ նշվում է այն անունները, ովքեր կնշանակվեն նրանց տեղում:

Ախալքալաքի Շրջանային վարչությունը այս տեղեկատվությունը չի հերքում:

«Չկա ծուխ առանց կրակի: Բայց ասել, որ հրամանն արդեն ստորագրվել է, և վերջակետ է դրվել, չենք կարող: Առայժմ, վերակազմավորում է ընթանում, որը մենք ուշացրել ենք: Ամբողջ Վրաստանի մեջ մեր շրջանը միակն էր, որտեղ յուրաքանչյուր մանկապարտեզ ունեցել է իր առանձին ​​տնօրենն ու հաշվապահը, առանձին իրավաբանական անձը: Հենց այս իրավաբանական անձի կարգավիճակը, մենք ժամանակին պետք է փոխեինք, պետք է լիներ մեկ կենտրոնացված միություն, ինչպես ակումբներինը և գրադարաններինը: Մեկ տնօրեն, մեկ հաշվապահ, և ամեն մանկապարտեզին մեկական մենեջեր: Չցանկանալով կրճատել աշխատատեղերը, մենք թողել էինք, ինչպես որ կար: Այժմ, քանի որ ֆինանսավորումը անցել է գանձարանին (Խմբ. Գանձապետական), մենք այլևս իրավունք չունենք անմիջականորեն ֆինանսավորել առանձին մանկապարտեզներին», – ասաց Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար՝ Վալերի Ստելմաշովը:

Վերակազմավորումից հետո պաշտոնանկ կարվեն` հաշվապահները, տնտեսությունների ղեկավարները, և ինչպես պարզվեց, նաև տնօրենները և թոշակային տարիքի դայակները: Այս տեղեկատվությունը հաստատեց նաև Ախալքալաքի վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը:

«Ամսի 1-ին արդեն կավարտենք վերակազմավորումը, իսկ տնօրենների վերաբերյալ հարցը կամաց-կամաց կլուծենք: Հնարավոր է, որ տիկին Լամարան և տիկին Մարգոն լքեն իրենց պաշտոնները: Ինչ վերաբերում է իրենց տեղը նոր մարդկանց նշանակմանը, դեռ տեղեկություն չկա: Այս շաբաթվա մեջ բոլոր հարցերը կհստակեցվեն: Դեռ նոր աշխատակիցները կնշանակվեն ժամանակավորապես, 3 ամսով, ապա կանցկացնենք ներքին մրցույթ», – պարզաբանեց Էդուարդ Աղասարյանը:

Ըստ Վալերի Ստելմաշովի անմիջապես, միանգամից հեռացնել փորձառու աշխատակիցներին տեղին չէ, և հնարավոր է անդրադառնալ այս խնդրին այլ կերպ:

«Օրենքում գրված է, որ թոշակառուի տարիքի հասած անձինք կարող են հեռացվել աշխատանքից այդ պատճառով: Այսինքն, թոշակառուները չեն կարող դիմել դատարան, եթե հանել են նրանց աշխատանքից, ուրեմն դա օրենքի շրջանակներում է: Սակայն այս օրենքը պարտադիր չէ իրագործման համար: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է օգտագործել անհատական մոտեցում ամեն մեկի հետ: Կան մարդիկ, որոնք հասել են թոշակառուի տարիքի, բայց այնքան էներգիայով լեցուն են և այնպես են աշխատում, որ երտասարդները չեն կարող համեմատվել նրանց հետ: Այդպիսի մարդիկ թող աշխատեն: Բայց կա նաև մեկ այլ կողմ: Թոշակառուները անվերջ աշխատելու չեն, վերջ ի վերջո նրանք անցնելու են թոշակի: Այդ իսկ պատճառով մենք պետք է ունենանք փոխարինող կադրեր: Եթե մենք գրենք հրամանը և հեռացնենք բոլորին և ընդունենք նորերին, ես վստահորեն ասում եմ, որ դա կբերի հաստատությունում աշխատանքի ձախողման»,- ասաց Վալերի Ստելմաշովը:

Ինչպես վստահեցնում է №2 մանկապարտեզի տնօրեն Լամարա Աբոյանը, այն մասին, որ նրան ուղարկում են թոշակի, իմացել է ասեկոսներից, որոնցում նշված է նաև նրանց անունները, ովքեր ենթադրաբար արդեն նշանակվել են տվյալ պաշտոններում:

«Նրանք չեն ծանուցել ինձ այդ մասին: Ես ինքս գնացի Շրջանային վարչություն և հարցրեցի, թե ինչ տեսակ խոսակցություններ են տարածված: Ինձ ասացին, որ դուք արդեն նպաստել եք սերունդների կրթման գործում և այլն, և այլն: Ես ասացի, որ ես ինքնակամ իմ տեղը չեմ զիճի: Եթե Վրաստանում լիներ օրենք, որ թոշակառուն չի աշխատելու, այո, օրենքի դեմ անզոր ենք, բայց եթե դա օրենքով չէ, ապա ինչու՞ հենց մանկապարտեզները: Ինչքա՞ն թոշակառուներ են աշխատում, նայեք ձեր շուրջը: Խոսակցություններից գիտենք, որ սկզբից պետք է ազատեն տնօրեններին, ապա անցնելու են մյուսներին», – ասաց Լամարա Աբոյանը:

№1 մանկապարտեզի տնօրեն` Մարգարիտա Գալստյանը գիտեր, որ նախատեսվում է վերակազմավորում դեռ 2007 թվականից, բայց նա չէր սպասում, որ դրանից հետո, չի կարողանա դառնալ տնօրեն կամ մենեջեր` նոր-ձևով, այլև դաստիարակ:

«Մեզ արդեն հաղորդել են, որ հոգ տարեք ձեր մասին, դուք թոշակառուներ եք և անցեք թոշակի: Ես գնացի գամգեբելիի մոտ (Շրջանային վարչության նախագահի): Նրանք հաստատեցին, որ հեռացնելու են թոշակառուի տարիքի տնօրեններին: Անկեղծ ասած, այս նորությունը ինձ ցնցեց, վիրավորական է: Հիմա իմ վիճակը շատ ավելի կայուն է, բայց այդ ժամանակ ես վատացա և զգացի, որ կարող եմ ուշագնաց լինել: Ես 24 տարեկանից աշխատել եմ մանկապարտեզում, և այդ դժվար ժամանակներից մենք մեծ ջանքերի գնով չենք թույլ տվել, որ մանկապարտեզը փակվի, ինչպես կարողացել ենք, պահել ենք: Ճիշտ է, հիմա դա արդեն ոչ մեկի չի հետաքրքրում, քանի որ ես իմ պարտականությունները արդեն կատարել եմ: Այդ ժամանակ երեք մանկապարտեզներ փակվեցին: Ես Շրջանային վարչությունում խնդրեցի գոնե 3 դաս տան, որպես դաստիարակի: Թոշակառուները ունեն այդ իրավունքը, իհարկե ոչ թե 6, այլ 3 ժամ իրավունք կա աշխատելու ինչպես դաստիարակի, բայց ինձ ասացին՝ ոչ, մենք հեռացնելու ենք թոշակառուներին»,- ասաց Մարգարիտա Գալստյանը:

Ըստ նոր միավորված մանկապարտեզների տնօրենի պաշտոնակատար` Զառա Բարբարյանի, միացման գրանցման փաստաթղթերը արդեն ներկայացված են, իսկ մանկապարտեզը, որտեղ աշխատելու է տնօրենը կլինի №2 մանկապարտեզը: Սակայն, կադրային և տնօրենի ժամանակավոր լիազորությունների և այլ վերադասավորումների մասին հրաժարվեց մեկնաբանել, քանի դեռ չի ստանձնել իր պարտականությունները:

Քրիստինե Մարաբյան