Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է ապրիլի 23-24-ին տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության կողմից իրականացրած բռնությունների ու ճնշումների մասին լուրերը:
Այսօր Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեն հայտարարել է. «Տեղական մամուլի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ախալցիխեի շրջանի Աբաթխև գյուղում վրացիների և հայերի միջև, կոնկրետ էթնիկ հողի վրա ֆիզիկական և խոսակցական բնույթի վեճ է եղել: Եվ այն ինֆորմացիան, որ Ախալցիխեի շրջանային ոստիկանության բաժանմունք տարած մարդկանց իրավապահները էթնիկ կամ կրոնական հողի վրա ճնշում են գործադրել՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Կալանդաձեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ հայ երիտասարդության որոշ ներկայացուցիչների, Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին:
Նշենք, որ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարը: Ոստիկանության այսօրվա հայտարարությունը մարդկանց կողմից ընկալվեց, որպես նախարարի այցի արդյունք:
Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի համակարգողի կարծիքով երիտասարդների սպասելիքներն այնքան էլ մեծ չէին Վրաստանի Ներքին Գործերի նախարարի այցից:
«Երիտասարդների սպասելիքները նախարարի այցի հետ կապված հենց սկզբից այդքան էլ մեծ չի եղել: Իմ կարծիքով, եթե խոստովանեյին, որ իրոք եղել են ճնշումներ երիտասարդների վրա և Ցեղասպանության հասցեին անհարգալի խոսքեր, ապա այդ խոստովանությունը կապացուցեր այն, որ Վրաստանի քաղաքականության մեջ բավական դրական փոփոխություն է եղել ջավախահայության իրավունքների հետ կապված: Ոստիկանապետն այսօր հայտարարություն տարածեց, ըստ որի տեղական լրատվամիջոցները միջադեպը վերածել են միջէթնիկ կոնֆլիկտի, բայց այդպես չէ: Ի սկզբանե երիտասարդները բողոքել են ոստիկանության գործողություններից», – ասաց Էդուարդ Այվազյանը: