Ախալցխայի երիտասարդների պնդմամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անհարգալից արտահայտություն է արել Հայոց ցեղասպանության զոհերին հասցին: Ջավախահայությունը երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Այսօր Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը արտահերթ հավաք է անցկացրել, որտեղ քննարկվել է ապրիլի 23-ի երեկոյան Ախալցխայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Եվ որոշում ընդունել հայտարարություն տարածել և հետամուտ լինել խնդրի լուծմանը:
Ինչպես տեղեկացնում է akhaltskha.net-ը, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդները ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու և այդպես հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հասնելով իրենց գյուղի տարածքում գտնվող սրբավայր հանդիպել են մարդկանց, ովքեր խնջույք են արել և գնտվել են ոչ սթափ վիճակում: Այդ մարդիկ հարևան Վալե քաղաքից են եղել: Իրար չհասկանալով կռվի են բռնվել, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթվել է: Իսկ կես գիշերին Ախալցխայի ոստիկանությունը բազմաթիվ երիտասարդների ոստիկանության տեղամաս է տարել:
Մի երիտասարդ պատմում է. «Ոստիկանները եկան մեր տուն իմ սենյակ և տեղից հանեցին տարան ոստիկանություն: Ոստիկանության շենքի երրորդ հարկում սկսեցին ինձ ծեծի ենթարկել և հարցնել կռվի մանրամասների մասին: Ես ասում էի, որ տեղի ունեցածից բացի ձեզ հետաքրքրող այլ մանրամասներ չգիտեմ, և նրանք կրկին հարվածում էին: Երբ նեղությունից բերանս չորացավ ջուր խնդրեցի բերեցին և վրաս լցրին հանքային Բորժոմի ջուրը, հետո ստիպեցին, որ թափված ջրի վրա նստեմ: Դրանից հետո բերեցին հեռախոսը ու նկարահանելով հարցրեցին արդյոք քեզ ծեծել են ոստիկանները: Ես ասացի, որ այո ծեծել են, որից հետո կրկին խփեցին և կրկին միացրին հեռախոսը ու ես ստիպված ասեցի, որ չեն ծեծել: Նման մեթոդներով ապրիլի 23-ից 24-ին վարվել են ինձանից բացի 4 հոգու հետ, որոնց մեջ եղել է նաև իմ եղբայրը, ով դիմում է գրել ընդդեմ իրեն ծեծող ոստիկանների»,- akhaltskha.net-ին պատմել է ոստիկանների գործողություններից տուժած երիտասարդը, չցանկանալով հրապարակել իր անունը:
Մեկ այլ երիտասարդի պնդմամբ՝ մի ոստիկան անհարգալից, վիրավորական արտահայտություն է արել Հայոց Ցեղասպանության զոհերին հասցեին:
«Նրանց անուն ազգանունները չգիտեմ, բայց բոլորին դեմքով ճանաչում ենք: Ինձ հարցրին, թե ինչու էինք ուզում կրակ վառել, ես բացատրեցի, որ ամեն տարի ապրիլի 23-ին ավանդույթի համաձայն կրակ ենք վառում հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոստիկաններից մեկը լսելով ասածս անվայել խոսքեր ասաց Ցեղասպանության հասցեին: Հիմա մենք պահանջում ենք, որ նրանք պատժվեն օրենքի համաձայն»,- ասել է Աբաթխև գյուղի բնակիչը:
Ախալցխայի երիտասարդները պատմել են, որ ոստիկանները նույնիսկ մի տարեց մարդու են սպառնացել՝ «եթե չասես կռվի մանրամասները, ապա քո աչքի առջև կբռնաբարենք քո ընտանիքը»:
Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավորներից մեկը, ով նպատակահարմար չգտավ այս պահին հրապարակել իր ազգանունը jnews.ge հետ զրույցի ժամանակ ասաց.
«Սա լուրջ հարց է: Ամեն տեսակի անարգանք երևի կարելի է տանել, բայց հայհոյել ցեղասպանության զոհերին, արդեն չափազանց է: Տվյալ արտահայտությունն իրեն թույլ տված ոստիկանության պաշտոնյան ոչ միայն պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից, այլև հրապարակային ներեղություն պետք է խնդրի: Եթե խնդրին անհապաղ լուծում չտրվի, դժվար է ասել ինչ կլինի հետո: Երիտասարդությունը ոտքի է կանգնել, նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել Թբիլիսիում»,- ասաց շրջանային ժողովի պատգամավորներից մեկը:
Նշենք, որ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը հերքել է ոստիկանների կողմից ճնշման և բռնության մասին խոսակցությունները: Այս մասին տեղեկացնում է sknews.ge լրատվականը:
«Դեպքի մասին տեղյակ է Վրաստանի բարձրագույն իշխանությունները: Սպասում ենք համապատասխան գործողությունների: Եթե ապացուցվի, որ իրոք նման արտահայտություն է արվել, ապա պետք է խիստ պատիժ լինի: Պետությունը պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկելու: Սա լուրջ վտանգ է հայ-վրացական բարեկամությանը, ոչ-ոք իրավունք չունի քանդելու հայ-վրացական բարեկամությունը»,- ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պերտոսյանը:
Լուսանկարը՝ Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից:
Աղունիկ Այվազյան