Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ջավախք հիմնադրամի» երիտասարդները ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին, որ 3 օր անց վերջապես կարողացել են Գյումրիից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել Լեռնային Ղարաբաղի համար հավաքված գումարը:

«Ջավախք հիմնադրամի» երիտասարդները ուղիղ եթերում հայտնեցին, որ «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին է միացել նաև Ջավախքի հայությունը:

«Այսքանով չի վերջանում մեր դրամահավաքը, սա շարունակական բնույթ է կրելու: Վերջապես շատ դժվարություններով, երեք օր անց կարողացանք փոխանցել գումարը: Փոխանցել ենք 269 130 դոլար, հավաքել էինք 270 040 դոլար, սակայն Վրաստանում միջնորդ բանկը 910 դոլար պահում է արել: Մենք մեր գործը թափանցիկ սկսել ենք և նույնկերպ էլ կշարունկենք մինչև վերջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեցին «Ջավախք հիմնադրամի» երիտասարդները:

Նրանք երկու օր շարունակ չեն կարողացել Վրաստանի բանկերից հավաքված գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այդ պատճառով էլ ստիպված են եղել Գյումրի հասնել:

JNEWS-հարցումներ են ուղարկել Վրաստանի բանկերին, թե ինչ պատճառով հնարավոր չի եղել հավաքված գումարը փոխանցել: Պատասխանները ստանալուն պես կտեղեկացնենք ընթերցողին: