Ախալքալաքի շրջանի մանկապարտեզները և թվով շուրջ 25 դպրոց փետրվարի 1-ին կշարունակեն իրենց աշխատանքը։ Ախալքալաքում ուսումնական գործընթացը դադարեցվեց սուր վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու համար։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Ախալքալաքի շրջանի վարչության մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովի հետ ով ասաց՝ «Հատկապես մանկապարտեզներում գլխավոր պատճառն այն է, որ քիչ երեխաներ են հաճախում։ Օրինակ N1 մանկապարտեզը ունի 120 սան, որոնցից հաճախում են 50-ը, N3 մանկապարտեզում 170- ից 95 -ն են հաճախում, դիլիսկայի մանկապարտեզում 90-ից՝ 30-ը։ Նույն պատճառով էլ դպրոցներն են արձակել։ Ինչ վերաբերվում է վիրուսներին, ապա մեզ մոտ այնքան էլ շատ չէ տարածված, սակայն հրաման կա ըստ, որի եթե աշակերտների 20%-ը բացակայում է, ապա այդ դեպքում մի շաբաթով հետաձգվում են դասերը»։

Սակայն Ախալքալաքի որոշ դպրոցներում դասերը շարունակվում են։

«Մեր դպրոցում բացակայողները քիչ էին դրա համար էլ դասերը չհետաձգեցինք, բայց մի քանի օրվա ընթացքում ավելացավ բացակաների քանակը և մենք ևս հետաձգեցինք դասերը», – ասաց 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը։

«Մեր դպրոցում դասերը շարունակում էինք, սակայն հունվարի 27-ին մեզ տեղեկացրեցին, որ գոնե 3 օրով արձակենք հիվանդություներից խուսափելու համար», – ասաց թիվ 5 դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը։

Պարզելու համար թե դպրոցներում և մանկապարտեզներում որքանով է տարածված վիրուսային հիվանդությունները, զրուցեցինք հասարակական և առողջապահական կենտրոնի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի հետ, ով ասաց՝ «Չնայած 2016 թվականին ուսումնական հաստատություններում ստուգումներ չենք անցկացրել, սակայն ընդհանուր բնակչության շրջանակներում տարածված վիրուսները 3 տեսակի են, որոնք անհանգստության առիթ չեն տալիս»։

Այնուամենայնիվ շրջանում հիվանդության արտասովոր վարակ գոյություն չունի և նախաձեռնված միջոցառումները միայն ու միայն նպաստում են հիվանդությունների չտարածվելուն։

Ջուլիետա Տոնականյան