Ախալքալաքի ընտրատարածքում այսօր տեղի ունեցավ տեղամասային հանձնաժողովների առաջին նիստը: Առավոտյան ժամը 10-ին որոշ ընտրատեղամասեր բաց էին, որոշները փակ, իսկ որոշ հանձնաժողովներ իրենց առաջին նիստն անցկացրեցին տեղամասից դուրս՝ բաց երկնքի տակ:

Այսօր առավոտյան ժամը 10-ին Ախալքալաքի թիվ 66 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները չկարողացան մուտք գործել թիվ 2 հանրային դպրոցում իրենց տրամադրված տարածք: Դպրոցի պահակը ընտրական հանձնաժողովի անդամներին թույլ չտվեց մտնել դպրոցի տարածք, ասելով, որ մարզադահլիճում դաս է ընթանում: Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար թիվ 2 դպրոցը (ռուսական դպրոց) իր մարզադահլիճը տրամադրել է Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովին (ՇԸՀ)՝ ընտրատեղամաս կազմակերպելու համար:

Սկզբում ներկա էին հանձնաժողովի 7 անդամ, ավելի ուշ եկավ 8 անդամը: Հանձնաժողովի անդամները ստիպված էին իրենց առաջին նիստն անցկացնել բաց երկնքի տակ և ընտրել հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և քարտուղարին:

Արդյունքում ընտրվեցին հանձնաժողովի նախագահը, փոխնախագահը և թիվ 66 ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղարը:

Թիվ 2 ընտրատեղամասն առավոտյան ժամը 10-ին փակ էր: Այն բացվեց կեսօրին՝ մոտ ժամը 12-ին:

Ախալքալաքի մունիցիպալիտետում խորհրդարանական ընտրությունների համար ձեւավորվել է 70 տեղամաս, որից 7-ը քաղաքում են, իսկ մնացածը՝ գյուղերում:

Ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են դպրոցների շենքերում: Յուրաքանչյուր հանձնաժողով ունի 12 անդամ, որից 6-ը ՇԸՀ-ի ներկայացուցիչներն են, մնացած 6-ը` տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: