Ջավախքի երիտասարդությունը անվադողեր է հավաքագրում Լեռնային Ղարաբաղի սահմաններ ուղարկելու համար։ Ժամ առ ժամ ավելանում է հավաքված անվադողերի քանակը, ինչպես նաև աճում է սննդամթերքով օգնելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը:
Այսօր ամբողջ օրը Ախալքալաքի գյուղերում կարելի էր տեսնել երիտասարդների, ովքեր հավաքում էին անվադողեր:
Երիտասարդները նշում են, որ նախաձեռնությունը բոլորինն է, ով ինչով կարողանում է՝ օգնում է: Մարդիկ են եղել, որ պատրաստակամություն են հայտնել գազար, կարտոֆիլ, կաղամբ, մակարոնեղեն և այլ սննդամթերքով աջակցել սահմանին կռիվ տվող զինվորներին:
Անվադողերով և սննդամթերքով բեռնված մեքենաներն արդեն Ախալքալաքից շարժվել են դեպի Հայաստան:
Նշենք, որ այսօր Ախալքալաքում և Նինոծմինդայում տեղի է ունեցել կամավորների գրանցում: Ջավախքի երիտասարդությունը պատրաստակամություն է հայտնել մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ կանգնելու հայ զինվորի կողքին:
«Այսօրվա դրությամբ հարյուրավոր մարդիկ ուզում են գնալ Ղարաբաղ, սակայն սահմանները փակ են: Հիմա մենք կամավորներին ենք գրանցում, որ ուղարկենք Հայաստան: Մենք նաև ճշտում ենք, թե սահմանին ինչ է անհարժեշտ, որպեսզի մեր հնարավորությունների սահմաններում կարողանանք օգնել մեր հայրենիքին»,- ասաց երիտասարդներից մեկը: