Երեկ, օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Բանն այն է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ՔՕ-ի միանգամից երկու հոդվածով, կան վիրավորներ և ձերբակալվածներ:
Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոքսով, իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:
JNEWS-ի հետ զրույցում ծեծկռտուքի մասնակիցներից մեկը պատմեց. «Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարները էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց: Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեր վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում՝ մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգու ձերբակալված է: Ես չգիտեմ իրենց կողմից ձերբակալված կա, թե՝ ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց դուխ տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրաց սահմանապահներին էին խփում»:
Թորիայի բնակիչների խոսքերով, իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ նաև երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:
Ըստ գյուղացիների նախկինում անասուններ արածեցնող եկվորների հետ խնդիր չի եղել և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունից JNEWS-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
Հիշեցնենք, որ առավոտյան Թորիա գյուղի բնակիչները հավաքվել էին Նինոծմինդայի ոստիկանության շենքի դիմաց և պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկված 3 թորեացիներին:
Լուսանկարը՝ ռադիո NOR-ից