Խանդո գյուղի մանկապարտեզում սանհանգույց կկառուցվի: Տարիներ շարունակ փոքրիկները օգտվում են նախակրթարանին կից, դրսում գտնվող զուգարանից, որը գտնվում է քարուքանդ վիճակում:

Ախալքալաքի քաղաքապետարանը նորոգման աշխատանքներից խնայված 119 570 լարից 36 301 լարին հատկացրել է Խանդո գյուղի մանկապարտեզում սանհանգույցի կառուցմանը։

Հարկ է նշել, որ Խանդոյի մանկապարտեզը գյուղապետարանի շենքում սկսել է գործել 2012 թվականից: Ութ տարի շարունակ երեխաները դրսում են զուգարան գնացել:

Ըստ գյուղի մանկապարտեզի մենեջերի` ձմռանը զուգարանի պատճառով շատ հաճախ ծնողները երեխաներին չեն ուղարկում նախակրթարան։

«Մանկապարտեզում շատ խնդիրներ կան, ինչպես որ առաջին անգամ եկաք տեսաք, այդպես էլ մնացել է, սակայն ամենակարևոր խնդիրը դա սանհանգույց չունենալն է, ձմեռը ցրտի պատճառով ծնողները չեն բերում երեխաներին, քանի որ դրսում գտնվող զուգարանն էլ լավ վիճակում չէ, ամենակարևորն է, որ սանհանգույցի խնդիրը լուծվի», – ասում է Խանդոյի մանկապարտեզի մենեջեր Գոհարինե Մելիքյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքերով, Խանդոյի մանկապարտեզի սանհագույցի կառուցման տենդեր-մրցույթն արդեն հայտարարված է:

Խանդոյի մանկապարտեզը գտնվում է գյուղի երկհարկանի վարչական շենքի առաջին հարկում, երկրորդում՝ գյուղապետարանն է։

Մանկապարտեզը երկու սենյակ ունի, գործում է շաբաթական 5 օր, օրվա ընթացքում՝ 4 ժամ, 10:00-ից մինչև 14:00-ը, սնունդը ամեն օր մի ծնող է ապահովում: Հիմնականում թխվածքաբլիթ են գնում խանութներից։

Նախակրթարանի շենքում ջեռուցման համակարգ ևս չկա, ձմռանը էլեկտրական ջեռուցչի միջոցով են տաքացնում սենյակները: Մանկապարտեզում խաղահրապարակ էլ չկա, եղածն էլ բետոնապատ է, ծնողներն անհանգստանում են, որ երեխաները խաղալուց չընկնեն և վնասվեն։

Շուրջ 60 երեխա, երկու հերթափոխով հաճախում է Խանդո գյուղի նախակրթարան:

Խանդոյի մանկապարտեզի անմխիթար վիճակը

Գայանե Ակոջյան