Գազամատակարարող «SJGC» ընկերությունը Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովին(GNERC) է ուղարկել այն բաժանորդների տվյալները, որոնց մարտ ամսվա սպառումը չի գերազանցում 200 խոր/մ-ը: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ փակելու է այն բաժանորդների կոմունալ ծախսերը, որոնք սպառել են ոչ ավելի, քան 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խոր/մ գազ:

Մոտավոր հաշվարկներով «SJGC» ընկերությունն ունի 17 000-ից մի քիչ ավելի բաժանորդ: Ընկերությունը մոտ 7000 բաժանորդի տվյալներ ուղարկել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովին:

«Մենք դեռ հրաման չենք ստացել, ինչպես նաև մեր հաշվին բաժանորդների ծախսերը մարելու համար գումար դեռ չի նստել: Պարտքի վճարման վերջնաժամկետը 18-ն է, եթե մինչ այդ մենք հրահանգ չստանանք, կանջատենք այն բաժանորդների գազամատակարարումը, ովքեր չեն վճարել: Բաժանորդի հաշվին գումարը ստանալուն պես մենք կզրոյացնենք պարտքը, իսկ եթե անձն արդեն վճարել է, այդ գումարը կմնա նրա հաշվին », – ասացին «SJGC» ընկերությունից:

Նրանք նաև պարզաբանեցին, որ պետությունը ծածկելու է միայն այն բաժանորդների ամբողջ գազի ծախսը, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր գազ, մասնակի ծախսերը մարելու մասին խոսք չի եղել: Ընկերության աշխատակիցները հեռախոսով կտեղեկացնեն այն բաժանորդներին, ովքեր կընդգրկվեն այս ծրագրում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, պաշտոնական նամակով դիմել է իր կուսակցությանը, որպեսզի նրանք վերանայեն բարձրալեռ շրջաններում արտոնությունների պայմանները, քանի որ գազի սպառումը այստեղ ավելի շատ է, քան Վրաստանի մյուս շրջաններում՝ եղանակային խիստ պայմանների պատճառով: Սակայն, նրա խոսքերով, նա դեռևս որևէ արձագանք չի ստացել:

Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակներում, դժվար կարանտինային պայմաններում բնակչությանը օգնելու համար, կփակվեն Ջավախքի բաժանորդների 53%-ի էլեկտրաէներգիայի ծախսերը: Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում «Energo Pro Georgia»-ի 24 896 բաժանորդներից 13 052-ը կօգտվի կոմունալ վճարումների եռամսյա պետական աջակցությունից: