Երեկ՝ կեսօրին, թոքաբորբով Ախալքալաքից Թբիլիսի տեղափոխված հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրա վիճակը նորմալ է։

Հիվանդը Թբիլիսիում թեստ է հանձնել, որի պատասխանը բասացական է եկել, ինչը նշանակում է, որ նրա մոտ կորոնավարակ չի հայտնաբերվել:

«Նրա վիճակը շատ լավ է, կորոնավիրուս չկա նրա մոտ, ինքը հիմա Ղուդուշաուրիի հիվանդանոցում է պառկած, թերապիայի բաժնում և երիկամներից է բուժվում»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

Ախալքալաքից թոքաբորբով հիվանդը տեղափոխվել է Թբիլիսի, կորոնավիրուսի ախտանիշներ չկան

Մարտի 27-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը Jnews-ի հետ զրույցում ասել էր. «Հիվանդի մոտ կորոնավարակի ոչ մի ախտանիշ չկա: Նա անմիջական կապ չի ունեցել այն մարդկանց հետ, ովքեր եկել են Հայաստանից կամ Հունաստանից, պարզապես բարևել է նրանց: Այս մարդիկ արդեն դուրս են եկել ինքնամեկուսացման պայմաններից, նրանք առողջ են: Պացիենտի վիճակը գոհացուցիչ է»:

Հիշեցնենք, որ երեկ Ախալքալաքից թոքաբորբով հիվանդը զանգահարել է Արտակարգ իրավիճակների ծառայություն՝ հաղորդելով, որ կորոնավարակ ունի, որ կապի մեջ է եղել արտասահմանից եկած մարդկանց հետ:

Մարտի 28-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 85-ն է, որի 14-ը արդեն ապաքինվել է: Կարանտինում է գտնվում 4641 մարդ, իսկ 239 մարդ՝ ստացիոնար հսկողության տակ: