Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տվյալների, մարտի 20-ի 14:20-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 233 մարդ, ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մեկ երիտասարդ հարկադրաբար կարանտինային գոտի է տեղափոխվել: Նինոծմինդայի մունիցիպալիտետում ինքնամեկուսացված է 148 մարդ:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ ոքի մոտ չեն նկատվել կորոնավիրուսի ախտանիշներ և բոլորը իրենց լավ են զգում: ՀԱԿ-ը մշտական կապ է պահպանում այդ մարդկանց հետ:

Ըստ Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի, իրենց մունիցիպալիտետում նույնպես ոչ ոքի մոտ կորոնավիրուսի ախտանիշեր չեն նկատվել:

«Բոլորն իրենց լավ են զգում, բոլորը նախազգուշացվել են, որպեսզի դուրս չգան իրենց տներից», – ասաց Տիգրան Եղոյանը:

Ջավախքում ընդհանուր առմամբ ինքնամեկուսացված է 382 հոգի: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի կարանտինային գոտում գտնվում է 41 մարդ: Նրանցից երկուսը Ջավախքից են: Նրանցից մեկն այն Ախալքալաքի բնակիչն է, ով երեկ հարկադրաբար տեղափոխվել է կարանտին` ինքնամեկուսացման անվտանգության կանոնները խախտելու համար, իսկ մյուսը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը, որը մարտի 16-ին բերվել է «Նինոծմինդա» անցակետից:

Ըստ Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի մենեջեր Կախա Բերիձեի՝ բոլորն իրենց լավ են զգում, ոչ ոքի մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն հայտնաբերվել:

Կանխարգելիչ նպատակներով բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերադառնում են այլ երկրներից և չունեն հիվանդության ախտանիշներ, վերահսկվում են մունիցիպալ առողջապահական հաստատությունների կողմից: Այդ մարդիկ պետք է 14 օր գտնվեն ինքնամեկուսացման վիճակում, այսինքն՝ դուրս չգան իրենց տներից և հետևեն որոշ կանոնների ու խորհուրդների: Եթե սահմանը հատելիս քաղաքացին ջերմություն կամ հիվանդության այլ ախտանիշեր ունի, ապա նա տեղափոխվում է կարանտին: Կարանտին են տեղափոխվում նաև այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում ինքնամեկուսացման կանոններին և դուրս են գալիս հասարակական վայրեր:

Մարտի 16-ից բոլոր նրանք, ովքեր Վրաստան են մտնում Հայաստանից, ամեն դեպքում ինքնամեկուսացվում են, որպեսզի կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում հանկարծ բնակչության զանգվածային վարակում տեղի չունենա:

Ինքնամեկուսացում նշանակում է, որ մարդը չպետք է դուրս գա տանից, իսկ ավելի կոնկրետ մնա նույն սենյակում, խուսափի ընտանիքի անդամների հետ շփումից` նրանց պաշտպանելու նպատակով: Անձը 14 օր ինքնամեկուսացման մեջ է գտնվում, եթե 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի ախտանիշները (տենդ, կոկորդի ցավ, երբեմն՝ հարբուխ) չեն նկատվում, ապա մարդը հիվանդ չէ և նա կարող է արդեն դուրս գալ ինքնամեկուսացման 15-րդ օրը:

Տեղի առողջապահական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավապահ մարմինները խնդրում են Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել հանրային պատասխանատվություն, հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չխախտել դրանք` պաշտպանելու և իրենց, և հարազատների, և ընկերների, ինչպես նաև ամբողջ հասարակության առողջությունը:

Վրաստանում գրանցվել է COVID 19-ի հաստատված 43 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդ, ով ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից մարտի 16-ին: Մարտի 20-ի ժամը 17:00-ի դրությամբ, 1 925 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ևս 271 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: Ավելի քան 10 000 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Վրաստանում կորոնավիրուսի թեստ է անցել ավելի քան 10 100 բնակիչ: