Այսօր տեղացած ձյան պատճառով, Ախալքալաքի գյուղական ճանապարհներին սահմանափակումներ և փակ ճանապարհներ չկան։ Ձյունմաքրման աշխատանքներն իրականացնող «Վեմ» ընկերության պատասխանատուի խոսքերով, եթե քիչ ձյուն տեղա, ապա իրենց ունեցած գումարը կբավականացնի մաքրման աշխատանքների համար:

Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհների ձյունմաքրման աշխատանքներով զբաղվում է ՍՊԸ «Վեմ» ընկերությունը։

Ձյունմաքրման աշխատանքների իրականացման տենդեր-մրցույթին մասնակցել է երկու ընկերություն՝ «ՋավախԱվտոԳզա» և «Վեմ»։ Իսկ տենդեր-մրցույթը հաղթել է ՍՊԸ «Վեմ»-ը՝ 69289.6 լարի գումարով։

«Վեմ» ընկերության պատասխանատուի հավաստմամբ՝ ներկա դրությամբ ոչ մի գյուղից ահազանգ չեն ստացել, ճանապարհների փակ լինելու վերաբերյալ։

Այն հարցին, թե արդյո՞ք մինչև տարեվերջ ֆինանսական միջոցների պակաս չեն ունենա «Վեմ» ընկերության պատասխանատու Վրեժ Ղազարյանն ասաց.

«Մինչև դեկտեմբերի վերջ մենք պետք է մաքրենք ճանապարհները։ Քաղաքապետարանը մեզ անցած տարվանից մեր իրականացրած աշխատանքների գումարը մինչև վերջ չի փոխանցել։ Մինչև տարվա վերջ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար որոշակի գումար մնացել է։ Չնայած գումարը կախված է եղանակից, թե ձյուն ինչքան կտեղա։ Եթե շատ ձյուն տեղա, ապա գումարը չի բավականացնի, եթե քիչ տեղա՝ կավելանա»:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ՍՊԸ «Վեմ»-ի պարտքի հետ կապված ասաց հետևյալը.

«Գոյություն ունի որոշակի տարածայնություն իրենց կատարած աշխատանքի և ներկայացրած փաստաթղթերի մեջ։ Նրանք ներկայացրել են շատ, սակայն կատարել են քիչ աշխատանք, մերոնք համաձայն չեն նրանց ներկայացրածի հետ։ Հանձնաժողով կա, հանձնաժողովը ստուգել է, որ իրենց ներկայացրածը ավելի շատ է, քան կատարած գործը։ Նրանք փողի 80%-ից ավելին ստացել են։ Ինչքանով, որ ես եմ տեղյակ «Վեմ» ընկերությունը դիմել է դատարան, հարցը պետք է պարզենք»։

Տեխնիկական առումով «Վեմ» ընկերությունը պատրաստ է ձյունմաքրման աշխատանքներ կատարել, պատասխանատուները նշում են՝ տեխնիկան սարքին վիճակում է։

Եթե ինչ որ գյուղի ճանապարհ է փակվում, ապա պետք է դիմել «Վեմ» ընկերությանը։ Ընկերությունը պարտավոր է ձնեմաքրման աշխատանքներ կատարել մինչև դեկտեմբերի վերջ:

Գայանե Ակոջյան