Վերջերս շահագործման հանձնվեց Բավրա-Կարտիկամ նորակառույց ճանապարհը, բայց ճանապարհի վրա կրկին կան փոսեր, անհարթություններ և ճաքեր: Ճանապարհն ընդունել է քաղաքապետարանի ենթակայությունում գործող հանձնաժողովը, սակայն թերություններով հատվածը նորից կվերանորոգվի:

Նախքան շահագործման հանձնելը, շինարարական ընկերությունը վերանորոգել էր ճանապարհի մոտ 20 ք / մ հատվածը, որն այժմ կրկին պետք է վերանորոգվի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Բավրա- Կարտիկամ ճանապարհն արդեն շահագործման է հանձնվել:

Ըստ «Արալի» շինարարական ընկերության ներկայացուցիչ Օթար Թաթեիշվիլիի, իրենք արդեն շահագործման են հանձնել ճանապարհը, սակայն թերությունները պետք է շտկվեն:

«Մենք արդեն ճանապարհը հանձնել ենք շահագործման, քաղաքապետարանը ընդունել է, բայց ժամանակ է տվել այդ թերությունները շտկելու համար», – ասել է Օթար Թաթեիշվիլին:

Japma 2

Նշենք, որ Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման ավարտից հետո ճանապարհի վրա առաջացել էին ճաքեր, բայց այդ ժամանակ ճանապարհը դեռ շահագործման չէր հանձնվել, և ընկերությունը վերանորոգել էր վնասված ասֆալտը:

Ըստ Օթար Թաթեիշվիլիի, ճաքերի պատճառը բեռնատար տրանսպորտային միջոցներն են:

«Ճաքերը հայտնվել են այն պատճառով, որ ճանապարհի ասֆալտապատումից անմիջապես հետո այս ճանապարհով անցել են ծանրաբեռ ավտոմեքենաներ», – ասում է նա:

Jampa 1

Ըստ Օթար Թաթեիշվիլիի, վնասված է միայն ճանապարհի վերին շերտը, որը վերանորոգվել էր վերջերս:

Նրա խոսքով, մի քանի օրից «Բավրա-Կարտիկամ» ճանապարհի բոլոր թերությունները կշտկվեն:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել է 1,048,150 լարի, սակայն հաղթողը տենդերը շահել է 1 006 224 լարիի չափով: Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը: