Ախալքալաքի մունիցիպալիտետն Ախալցիխեի «Մեսխեթյան պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնին» հատկացրել է 3000 լարի:

Հոկտեմբերի 9-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին բյուջեի փոփոխությունների հերթական փաթեթը, որտեղ, ի թիվս այլ ծախսերի, 3000 լարի հատկացվել է նաև Ախալցիխեի պրոֆեսիոնալ Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնի համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը բացատրեց, որ նրանք թատրոնին օգնում են՝ համաձայն շրջանի քաղաքապետարանների միջև կնքված հուշագրի:

«Նոր բեմականացման համար թատրոնի ղեկավարությունը Մշակույթի նախարարությունից խնդրել է ֆինանսական օգնություն, իսկ այնտեղից նրանք էլ իրենց հերթին խնդրել են մունիցիպալիտետներին օգնել թատրոնին, քանի որ թատրոնը տարածաշրջանային է: Ստորագրված է հուշագիր շրջանների քաղաքապետարանների միջև: Մենք փոխանցել ենք այդ գումարն ըստ հուշագրի », – ասաց Վալերի Ստելմաշովը:

Ըստ Վալերի Ստելմաշովի, նրանք առաջին անգամն են օգնում այս թատրոնին, չնայած հաճախ են նմանատիպ խնդրանքներ ստանում, սակայն բոլորին չէ, որ օգնում են:

«Օգոստոսին, Թբիլիսիի հայտնի ազգային ֆիլհարմոնիկ համերգասրահից խնդրել էին մեզ իրենց փոխանցել 5000 լարի, իսկ նրանք էլ անվճար համերգ կանցկացնեին: Մենք մերժեցինք նրանց, նամակում գրելով, որ ուրախ ենք տեսնել նրանց Ախալքալաքում, բայց գումար չունենք այդպիսի ծախսերի համար », – ասաց Վալերի Ստելմաշովը:

Հոկտեմբերի 31-ին Ախալցիխեի Մեսխեթյան պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը ներկայացմամբ հանդես կգա Ախալքալաքում:

Տարածաշրջանի մյուս մունիցիպալիտետներից Ախալքալաքը դեռ նման օգնություն չի ստացել:

«Մենք ոչ ոքի նման խնդրանքով չենք դիմել, եթե խնդրեինք, գուցե մեց էլ օգնեին», – ասաց Վալերի Ստելմաշովը:

Ախալցիխեի թատրոնը խնդրեցլ էր 22 000 լարի : Տարածաշրջանի քաղաքապետարանները հատկացրել են 3000-ական լարի, իսկ Ախալցիխեն՝ 7000 լարի: