Դեռ տարեսկզբին, Ախալքալաքի բազմահարկ շենքերի շքամուտքերում օդափոխման համակարգ տեղադրելու համար տեղական բյուջեն հատկացրել էր 28 000 լարի, բայց մինչ այժմ սարքավորումները չեն տեղադրվել, քանի որ նախագիծը կազմվել է ուշացումով:

Բազմահարկ շենքերի շքամուտքերում օդափոխման համակարգեր տեղադրելու և մի շարք այլ նախագծեր կազմելու համար մունիցիպալիտետը երեք անգամ տենդեր է հայտարարել: Առաջին 2 տենդերները չէին կայացել մասնակիցներ չլինելու պատճառով: Մրցույթն առաջին անգամ հայտարարվել էր 2019-ի ապրիլի 5-ին, երկրորդ անգամ՝ ապրիլի 30-ին, երրորդ անգամն էլ՝ հունիսի 4-ին: Տենդերը շահել է ՍՊԸ «დ-მ»-ն: Ընկերությունը նախահաշիվն ու նախագիծը ներկայացրել է սահմանված ժամկետից ուշ, ինչի արդյունքում տուգանվել է:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Մագդա Ամիրշադյանի խոսքով, նախագիծն արդեն պատրաստ է, իսկ աշխատանքների իրականացման տենդերը կհայտարարվի մոտ օրերս:

Բազմահարկ շենքերում օդափոխման սարքերը տեղադրվում են անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բնական գազի հաշվիչները հիմնականում տեղադրված են շքամուտքերում, ուստի գազաբաշխիչ ընկերությունը դիմել է տեղական իշխանություններին որպեսզի նրանք օդափոխիչներ տեղադրեն:

Ախալքալաքում օդափոխման համակարգեր նախատեսվում է տեղադրել բազմահարկ շենքերի 30 շքամուտքերի վերջին հարկերում:

Այն շենքերում, որտեղ գազի հաշվիչները տեղադրված են դրսից, օդափոխման համակարգեր չեն տեղադրվի: