Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչները, որը տեղակայված է միջազգային Ախալքալաք-Կարծախ ավտոմայրուղու երկայնքով, մտադիր են պաշտոնական նամակ ներկայացնել Վրաստանի կառավարությանը։ Նրանց խոսքով, ճանապարհը երեք տարի շարունակ գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, և պատասխանատու մարմինների կողմից արձագանքի բացակայությունը ստիպում է նրանց դիմել ծայրահեղ միջոցների։
Ախալքալաք-Կարծախ ավտոմայրուղին միջազգային նշանակության ճանապարհ է։ Jnews-ը պարբերաբար հրապարակում է նյութեր և տեսանյութեր այս ճանապարհի աղետալի վիճակի մասին, որոնք ուղարկում են վարորդներն ու տեղի բնակիչները։
Ախալքալաք-Կարծախ ավտոմայրուղու ամնիջապես երկու կողմերում գտնվում է չորս գյուղ, սակայն այդ ճանապարհից օգտվում են մունիցիպալիտետի ավելի քան 10 գյուղի բնակիչներ։ Անձրևոտ եղանակներին խորը փոսերը լցվում են ջրով, և վարորդները ստիպված են գուշակել դրանց խորությունը, որպեսզի որոշեն շրջանցեն դրանք, թե անցնեն դրանց միջով, փորձելով չվնասել իրենց մեքենաները։ Ճանապարհին լցված խճաքարն անձրևն արդեն քշել է։ Եղանակը տաքացել է, և մեկ շաբաթ է անձրև չի եկել։ Բնակիչները կարծում էին, որ ճանապարհը գոնե մի փոքր ավելի անցանելի կլինի, բայց հիմա էլ ճանապարհին փոշի է, որը խաթարում է վարորդների տեսանելիությունը, չհաշված մեքենաների և մայրուղու երկայնքով գտնվող տների աղտոտվածությունը, որոնց բնակիչները նույնիսկ չեն կարողանում բացել իրենց պատուհանները։
Սուլդա գյուղը գտնվում է այս մայրուղու վրա։ Բնակիչները հոգնել են բողոքելուց և բոլոր ատյաններին դիմելուց։
Գյուղի բնակիչ Գարիկ Մուսիկյանը վրդովված ասում է, որ չի հասկանում, թե ինչու է անհրաժեշտ բողոք ներկայացնել, որպեսզի պատկան մարմինները ուշադրություն դարձնեն։
«Սա միջազգային ճանապարհ է, բոլորը գիտեն դրա վատ վիճակի մասին։ Դուք գրում եք, մենք տեղադրում ենք մեր Ֆեյսբուքյան էջերում և այլ սոցիալական ցանցերում, բոլորը տեսնում են այն և լավ գիտակցում են խնդիրը։ Եթե ցանկանային, վաղուց կվերանորոգեին այն։ Մեր բողոքն անիմաստ է», — ասում է Գարիկ Մուսիկյանը։
Վահան Կուջոյանն ասում է, որ կառավարության անգործությունը ստիպում է նրանց դիմել ծայրահեղ միջոցների, քանի որ այլ տարբերակ չի մնացել։
«Այս ճանապարհը երեք տարի է այս վիճակում է։ Բոլորը գիտեն դրա մասին, քանի որ բեռնատարների վարորդներն անընդհատ բողոքում են։ Սա միջազգային նշանակության ճանապարհ է։ Եթե նրանք նույնիսկ այս ճանապարհը չեն կարողանում վերականգնել, ինչ անենք մենք», — ասում է Վահան Կուջոյանը։
Վահան Վարդիկյանը վրդովված է, որ բնակիչները ստիպված են պաշտոնական նամակ գրել և ուղարկել Վրաստանի կառավարությանը: Նրանք արդեն դիմումը պատրաստում են։
«Տեղական և պետական պաշտոնյաներն անցել են այս ճանապարհով, գնացել են Դադեշ, Կարծախ, հասել մինչև Թուրքիայի սահման: Ճանապարհն արդեն երեք տարի է այս վիճակում է: Եթե նրանք ցանկանային, վաղուց կվերանորոգեին այն և չէին սպասի մեր գրությանը: Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն: Երբ մենք գնում ենք Ախալքալաք, մեզ ասում են. սպասեք հինգ օր, աշխատանքները 10 օրից կսկսվեն», — ասում է Վահան Վարդիկյանը։
Դրանից հետո նա հեգնանքով ավելացնում է.
«Գիտեք, իրականում լավ է, որ ճանապարհին բեռնատարները քչացել են: Պետությունը փող է ստանում յուրաքանչյուր բեռնատարի համար: Եթե նրանք չեն մտածում դրա մասին, մեզ համար դա միայն լավ է՝ բեռնատարները քչացել են: Իսկ քաղաք յուրաքանչյուր ուղևորությունից հետո մենք փոխարինում ենք ոչ թե ավտոպահեստամասերը, այլ՝ մեքենան», — ասում է նա:
Սուլդայի և այլ գյուղերի բնակիչները կորցրել են այս ճանապարհն ասֆալտապատ տեսնելու հույսը։ Նրանք նաև վրդովված են, որ տեղական իշխանությունները՝ տեղյակ լինելով իրավիճակին, ոչինչ չեն ձեռնարկում։ Բնակիչների խոսքով, տեղական իշխանությունները պետք է առաջինը քայլեր ձեռնարկեն խնդիրը լուծելու համար։ Բնակիչներին նաև վրդոհում է, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պահանջում են տրանսպորտային միջոցների տեխզննում։
«Թող տեղական իշխանությունները բարձրաձայնեն, իսկ մենք՝ բնակիչներս, կհետևենք նրանց։ Նրանք աշխատում են պետական կազմակերպություններում և աշխատավարձ են ստանում։ Ճանապարհայի ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում են մեզ և պահանջում տրանսպորտային միջոցների ստուգում։ Նրանք նույնիսկ չեն ամաչում։ Թող նախ վերանորոգեն ճանապարհը, հետո պահանջեն տրանսպորտային միջոցների տեխզննում», — ասում է Վահան Վարդիկյանը։
Մերուժ Եզոյանը ևս վրդովված է պարեկային տեսչությունից, որոնց աշխատակիցները պահանջում են տրանսպորտային միջոցների տեխզննում։
«Ես ուզում եմ, որ պարեկային մեքենաները քաղաքի փոխարեն այստեղ պարեկություն անեն, այս ճանապարհով անցնեն, փոշու և ցեխի միջով տեղաշարժվեն, և տրանսպորտային միջոցների տեխզննում չունենալու համար, մեզ այստեղ տուգանեն։ Թող մրցույթը տան օտարերկրյա ընկերության։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ մեր պատրաստած նամակը կօգնի։ Հետո բեռնատարները գումար են վճարում պետությանը, ուր է գնում այդ գումարը, եթե ճանապարհը չի վերանորոգվում», — ասում է Մերուժ Եզոյանը։
Բնակիչ Դավիթ Առաքելյանը պատմեց, որ ընկերության աշխատակիցներից մեկն իրեն ասել է, որ ճանապարհի հիմքը լցնելու համար օգտագործված խճաքարը չի համապատասխանում չափանիշներին, ուստի աշխատանքները կասեցվել են։
«Խճաքարը հարմար չէ այս տարածքի համար, դրա համար էլ աշխատանքները դադարեցվել են, ավելի որակյալ շինանյութ են ուզում։ Սա բերվել է Արագվա գյուղից, բայց այն չի համապատասխանում չափանիշներին և արագորեն քանդվում է։ Հետևաբար, աշխատանքները մերժվել և դադարեցվել են։ Հիմա նրանք ուզում են բերել Քուռ գետի հատակի խճաքարը»։
Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանը նշեց, որ ինքը նույնպես կարծում է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել ճանապարհը, քանի որ բնակիչների համբերությունը սպառվում է։
«Իմ ստացած տեղեկատվության համաձայն, երեք ընկերությունների փոխարեն վերականգնողական աշխատանքներով կզբաղվի մեկ ընկերություն։ Նրա հետ արդեն պայմանագիրը կնքվել է։ Ասում են, որ լավ ընկերություն է», — ասաց Զարզանդ Կուջոյանը։
Սուլդայի բնակիչներն ասում են, որ այլևս չեն հավատում աշխատանքների արագ մեկնարկի խոստումներին և չեն սպասում որևէ արագ փոփոխության։ Այնուամենայնիվ, չնայած իրենց կասկածամտությանը, նրանք պատրաստում են համատեղ դիմում Վրաստանի կառավարությանը, հույս ունենալով, որ իրենց ձայնը վերջապես կլսվի, և Ախալքալաք-Կարծախ միջազգային մայրուղու խնդիրն իրական լուծում կստանա։




