նորություններ 30 Հունիսի, 2026 • Ախալքալաք-Կարծախ ճանապարհն անմխիթար վիճակում է. բնակիչներն ու վարորդները պահանջում են անհապաղ վերանորոգում

Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Ճանապարհի երկայնքով գտնվող գյուղերի բնակիչներն այլևս չգիտեն ուր դիմել։ Տրանսպորտային միջոցների վարորդները բողոքներ, լուսանկարներ և տեսանյութեր են ուղարկում տեղական լրատվամիջոցներին՝ հույս ունենալով, որ ճանապարհը վերջապես կվերականգնվի։ Չնայած բազմաթիվ խոստումներին, աշխատանքների ավարտման ժամկետը դեռ հայտնի չէ։

JNEWS-ը 2023 թվականից ի վեր տեղեկացնում է այս ճանապարհի վատ վիճակի մասին, սակայն նրա վիճակն ամեն օր վատանում է։ Ո՛չ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը, ո՛չ էլ կապալառուները չեն կարող ասել, թե երբ կավարտվի ճանապարհի վերանորոգումը։

Նշենք, որ երեք տարվա լճացումից հետո այս գարնանը, կարծես, իրավիճակը տեղից շարժվեց։ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի, որը մոտավորապես 30 կմ երկարություն ունի, որոշակի հատվածներում սկսվեցին ճանապարհի հիմքի հիմնական վերականգնողական աշխատանքներ։

Դադեշ գյուղից մինչև Վաչիան գյուղի սկիզբն ընկած ճանապարհահատվածը ծածկվել էր խճաքարով, իսկ մնացած հատվածներում հեռացվել էր հին ասֆալտը։ Այս աշխատանքները կատարվել էին ապրիլի սկզբին։ Բոլորը հույսով էին, որ շուտով կսկսվի ասֆալտապատումը։ Սակայն դա տեղի չունեցավ. ընկերությունները դադարեցրին աշխատանքները, և իրենց կատարած այդ բոլոր աշխատանքը նորից վերածվեց ցեխի և մեծ փոսերի։ Արդյունքում ճանապարհը դարձավ ավելի անանցանելի։

Ահա մի քանի մեկնաբանություններ տարանցիկ փոխադրումների վարորդներից.

«Նրանք պարզապես այնտեղ մեծ խճաքար են լցրել, որպեսզի ճանապարհը գոնե կարողանա դիմանալ այդ բեռին, բայց հետո ամեն ինչ կրկին փչացավ: Իրավիճակն իսկապես սարսափելի է: Երբ մտնում ես Ախալքալաք, անցնում կամուրջը և բարձրանում վերև, ճանապարհի վիճակը պարզապես աղետալի է:

Այս ճանապարհը գտնվում է զինվորական բազայի մոտ, որտեղ տեղակայված են զինվորներ: Նրանք, կարծես թե այնտեղ ինչ-որ բան արել էին, ամրացրել էին հիմքը, սակայն հիմա ճանապարհն էլ ավելի վատ վիճակում է: Ես չգիտեմ, թե ինչի են սպասում: Ճանապարհը շտապ վերանորոգման կարիք ունի: Վիճակը սարսափելի է»:

Մեկ այլ վարորդ ասում է.

«Երբ մտնում ես Ախալքալաք, կամրջից հետո, վերև ես բարձրանում դեպի քաղաք, բայց ես չեմ խոսում կենտրոնի մասին: Սա այն հատվածն է, որտեղ հիմնականում բեռնատարներն են գնում, Կարծախ տանող ճանապարհին, Ախալքալաքի տարածքի վերջնամասին ավելի մոտ: Այնտեղ ճանապարհի վիճակը պարզապես սարսափելի է»:

Մեկ այլ վարորդ հայտնում է.

«Ես հիմա ճանապարհին եմ, գալիս եմ Ախալցիխեից, և իրավիճակը ծանր է։ Չնայած ճանապարհը նախկինում մաքրվել, հարթեցվել և ամրացվել էր խոշոր խճաքարով, աշխատանքներ, կարծես, լավ էին ընթանում։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչու մինչև հիմա դեռ չեն ասֆալտապատել։ Եղանակը թույլ տալիս էր կատարել ասֆալտապատումը։ Անձրևներից հետո ճանապարհը վերջնականապես քանդվեց»։

doroga akhalkalak karcax

Ճանապարհի շահագործումից՝ 2010 թվականից ի վեր, այստեղ հիմնանորոգումներ չեն իրականացվել, առանձին հատվածներում կատարվել են միայն փոսային նորոգում և ասֆալտապատում։

2022 թվականին Վաչիան գյուղում, որը գտնվում է այս միջազգային մայրուղու վրա, հիմքերի ամրացմամբ վերականգնվել է մոտ 1 կիլոմետր երկարությամբ հատված։ Սակայն այս հատվածը հիմա արդեն կրկին վերանորոգման կարիք ունի։

Անցյալ տարի ասֆալտապատվել է Կարծախ գյուղից մինչև «Կարծախի» մաքսային անցակետ տանող հատվածը։ Ճանապարհը լավ վիճակում է, սակայն ճամփեզրերը և հարակից տարածքները դեռևս չեն բարելավվել։ Պետք է նշել, որ այս հատվածը դեռևս կապալառուի կողմից չի էլ հանձնվել։

2023 թվականից մենք գրեթե ամեն ամիս, Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին իմանալու համար, կապ էինք հաստատում Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հետ։ Պատասխանը միշտ խրախուսական էր լինում. «Պարզապես սպասեք, մենք տեղյակ ենք խնդրի մասին, աշխատանքները շուտով կսկսվեն»։ Սակայն այդ «շուտով»-ը այդպես էլ չեկավ։

Ամենատարօրինակն այն է, որ մինչև վերջ պարզ չեղավ, թե որ ընկերությունն է պատասխանատու վերանորոգման համար։ Ճանապարհների դեպարտամենտի կողմից հայտարարված մրցութային փաստաթղթերում նշված է մեկ ընկերություն, բայց տեղում աշխատում են երեքը։ Դժվար է պարզել, թե ով որ հատվածի համար է պատասխանատու։

Սուլդա գյուղի բնակիչ Գևորգ Ջանոյանը, կորցնելով խնդրի արագ լուծման հույսը, իր Ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել և դիմել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ հարցն անձնական վերահսկողության տակ վերցնելու համար։

Իր նամակում նա գրում է.

«Ես՝ Գևորգ Ջանոյանս, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Ախալքալաք–Կարծախ միջպետական ճանապարհի անմխիթար վիճակի վրա։

Արդեն շուրջ երկու տարի է, ինչ այս ճանապարհի շինարարությունը չի ավարտվում։ Աշխատանքները կատարվել են միայն կարճ ժամանակ՝ մոտ մեկ-երկու ամիս, որից հետո երկար ժամանակ դադարեցվել են և մինչ օրս չեն շարունակվում։

Ավելին, այն հատվածներում, որտեղ աշխատանքներ են իրականացվել, ճանապարհը շատ դեպքերում դարձել է ավելի վատ և ավելի վտանգավոր երթևեկության համար։

Այսօր հազարավոր մարդիկ ստիպված են երթևեկել փոշու, փոսերի և վտանգավոր պայմանների մեջ՝ վտանգելով իրենց կյանքն ու վնասելով իրենց ավտոմեքենաները։ Միջպետական նշանակության ճանապարհի համար նման իրավիճակն անընդունելի է։

Մենք չենք պահանջում անհնարինը։ Մենք պահանջում ենք անվտանգ, որակյալ և հնարավորինս սեղմ ժամկետում նորոգված ճանապարհ։

Խնդրում եմ անձամբ ուշադրություն դարձնել այս խնդրին, հանձնարարել համապատասխան գերատեսչություններին անհապաղ վերսկսել և արագացնել շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապահովել, որ դրանք իրականացվեն պատշաճ որակով»։

JNEWS-ը ներկայումս ամեն շաբաթ կապի մեջ է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հետ: Վերջին անգամ մեզ տեղեկացրեցին, որ աշխատանքները կվերսկսվեն հուլիսին: Սակայն, աշխատանքների ձգձգման հիմնական պատճառը այդպես էլ չհաջողվեց պարզել։

Պարզ չէ, թե երբ կավարտվի Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերականգնումը: Մինչ պատասխանատու մարմինները խոստումներ են տալիս, ճանապարհը շարունակում է վատթարանալ, իսկ տեղի բնակիչների համբերությունը սպառվում է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝