Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում սկսվել է կոյուղու համակարգի վերականգնումը, որը տարիներ շարունակ վթարային վիճակում էր և հաճախակի էր շարքից դուրս գալիս։ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից աշխատանքների համար հատկացվել է 337 337 լարի։
Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի կոյուղու համակարգը վերականգնվում է Ախալքալաքի մունիցիպալ բյուջեի միջոցներով։ Աշխատանքները սկսվել են վերջերս և իրականացվում են «ՆԴՍ Մշենեբլոբա» ՍՊԸ-ի կողմից՝ 337 337 լարի արժեքով։
Նախկին թիվ 1 զինվորական ավանում կոյուղու համակարգը և ջրագծերը մաշված և հնացած են։ Դրանք կառուցվել են վաղուց և կարիք ունեին ոչ միայն վերականգնման, այլև վերակառուցման։ Ավանի կոյուղու և ջրամատակարարման համակարգերը հաճախակի շարքից դուրս են գալիս՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին։
Այս տարի, կոյուղու համակարգի մի մասի վերականգնման համար, տեղական բյուջեից միջոցներ են հատկացվել։
Աշխատանքները սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ: Աշխատանքների մրցույթը՝ 337 337 լարիով շահել է ՍՊԸ «ՆԴՍ Մշենեբլոբա» ընկերությունը, սկզբնական գինը նվազեցնելով 15 961 լարիով։
«Աշխատանքները պետք է ավարտվեն տարեվերջին: Մենք վերականգնում ենք մոտավորապես հինգ շենքերի կոյուղու համակարգը: Կառուցում ենք նոր համակարգ՝ հնին զուգահեռ, հետո հինը կմիացնենք նորին: Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով», — հաղորդեցին «ՆԴՍ Մշենեբլոբա» ընկերությունից:
Ներկայումս բանվորները փոսեր են փորում և հնին զուգահեռ պատրաստում են նոր գիծ, նոր խողովակների տեղադրման համար: Անհրաժեշտ շինանյութերն արդեն բերվել են:
Նշենք, որ կոյուղու համակարգի մի մասը վերականգնվել էր 2025 թվականին, որի համար հատկացվել էր 193 675 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Արա Մովսեսյանը նշեց, որ ընթացիկ աշխատանքների ավարտից հետո նախկին զինվորական ավանի ամբողջ կոյուղու համակարգը կդառնա նորոգված։
«Կոյուղու համակարգն ամբողջությամբ կբարեկարգվի։ Այժմ մենք փոխարինում ենք նույն գծի վրա գտնվող վեց շենքի համակարգերը։ Անցյալ տարի մենք փոխարինեցինք մնացած շենքերի համակարգերը։ Մենք նաև նախատեսում ենք ավանում զբոսայգի կառուցել, ապա աստիճանաբար սկսել տարածքի բարեկարգումը», — ասաց Արա Մովսեսյանը։



