Ախալքալաքի մունիցիպալիտետի պայքարը փողոցային առևտրի դեմ դեռևս տրամաբանական ավարտ չունի: Ուսումնական տարվա սկիզբին և Նոր տարվա ժամանակ վաճառողներին թույլատրվում է փողոցներում առևտրով զբաղվել, ինչի արդյունքում այս ժամանակները տևում են գրեթե մի ամբողջ տարի:

Երկար տարիներ առևտրականներն իրենց արդարացնում էին, որ շուկան բարեկարգված չէ, պայմանները վատն են, ուստի փողոցում են առևտուր անում: Այս հարցը լուծվեց 2018 թ.-ի ամռանը, շուկան բարեկարգվեց, և առևտրականներին ստիպեցին ներս մտնել և այնտեղ առևտուր անել: Այնուամենայնիվ, շուկայի վաճառասեղանները կրկին դատարկ են, իսկ շուկայի շրջակայքը լի է փողոցային վաճառականներով ու գնորդներով:

Ուսումնական տարվան նախորդող ժամանակահատվածում և մինչև նոր տարի, երբ Ախալքալաքում առևտուրը եռում է, առևտրականներին թույլատրվում է փողոցներում տեղադրել վաճառասեղաններ, շուկայի և հագուստի տոնավաճառի մոտակայքում: Այնուամենայնիվ, այս ժամանակներն անցնում են, իսկ փողոցային առևտուրը մնում է: Շուկայի մոտակայքում գտնվող խանութների սեփականատերերը նույնպես դուրս են հանում իրենց վաճառասեղանները, որպեսզի գնորդին հարմար լինի և ստիպված չլինի խանութ մտնել: Այս ընթացքում, երբ նրանց նախազգուշացնում են փողոցային առևտրի արգելքի մասին, նրանք վաճառասեղանները տեղադրում են մայթերին՝ պնդելով, որ սա իրենց տարածքն է, և, որ կարող են իրենց թույլ տալ այդտեղ սեղան դնել:

Թեպետ, այն ժամանակ, երբ փողոցային առևտուրն արգելված չէ, այդ վաճառողները, տեսնելով, որ առևտուրը եռում է, իրենց վաճառասեղանները նույնպես փողոց են տեղափոխում, արդյունքում՝ այս գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Վաճառողներից շատերը, ովքեր Նալբանդյան փողոցում առևտուր են անում, գտնում են, որ ավելի լավ է իրենց խանութի դիմաց առևտուր անել: Իսկ, այսպես ասած ժամանակավոր վաճառականները, ովքեր վաճառասեղանների վրա դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ են վաճառում, չեն ցանկանում մեկնաբանել:

Շուկայի վաճառողները 1ք/մ առևտրային տարածքի դիմաց վճարում են 1,5 լարի: Տեղի վճարը գանձվում է նաև շուկայից դուրս առևտրով զբաղվող վաճառողներից:

Bazar 1

Շուկան ամեն օր չի վերահսկվում իրավապահ մարմինների կողմից, իսկ առևտրականներն էլ չեն վարում ինքնավերահսկում, շահավետ առևտուրը նրանց գերակայությունն է:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, շուկան բարելավելուց հետո բոլորի համար տեղ կլինի:

«Մենք ևս մեկ անգամ կվերանայենք այս հարցը, կնախազգուշացնենք բոլոր առևտրականներին, ովքեր փողոցում են առևտուր անում», – ասում է Յուրիկ Ունանյանը:

Ինչպես նշեց քաղաքապետը, եթե ոչինչ չստացվի, ապա նրանք կսկսեն գործել ըստ օրենքի:

«Եթե նախազգուշացումից հետո նրանք կրկին սկսեն առևտուր անել փողոցում, ապա այդ հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները և կտուգանեն օրինախախտներին», – ասում է Յուրիկ Ունանյանը:

Բոլորն ասում են, որ իրենք համաձայն են ներս մտնել շուկա, եթե բոլորը տեղափոխվեն այնտեղ: Եթե գոնե մեկը մնա, ապա ոչ ոք չի գնա ներս: Ըստ նրանց՝ փողոցներում գտնվող վաճառասեղաններն ավելի մատչելի են հաճախորդների համար, և եթե ինչ-որ մեկը մնա փողոցում, ապա մյուսները կլինեն ոչ հավասար շուկայական պայմաններում, ոմանք էլ՝ արտոնյալ:

Բրատիսլավ Իգիթխանյան