Ախալքալաքի Ազատության փողոցի №36 շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց շենքի տանիքն ապամոնտաժվել է վերանորոգման նպատակով, բայց չեն կատարել այդ աշխատանքը: Երկու ամիս է անցել, իսկ տանիքը դեռ բաց է: Բնակիչները վստահ չեն, որ մինչև առաջին ձյունն իրենք տանիք կունենան:
Բնակիչների խոսքերով՝ վերանորոգման պատճառով տան տանիքը վաղուց բաց է: Անձրևային սեզոնի ընթացքում բնակարանները բազմիցս հեղեղվել են, իսկ երկու օր առաջ էլեկտրական լարերի վրա կարճ միացում է տեղի ունեցել անձրևի պատճառով, ինչը հրդեհ է առաջացրել: Հրդեհը մարվել է, բնակարանները չեն վնասվել, բայց մարդիկ այդ գիշեր մնացել են առանց էլեկտրականության:
«Տանիքն ապամոնտաժելուց հետո բազմիցս հորդառատ անձրևները հեղեղել են բնակարանները՝ 5-րդից մինչև 3-րդ հարկերը, իսկ հիմա էլ հրդեհը, ե՞րբ է լուծվելու այս հարցը», – ասում է №36 շենքի բնակիչը:
Ախալքալաքի երեք բազմահարկ շենքերի տանիքների նորոգման տենդերը շահել է անհատ ձեռներեց Նորայր Մանասյանը, նրա ղեկավարությամբ է ապամոնտաժվել հին տանիքը: Քաղաքի 3 բազմահարկ շենքերի տանիքների հիմնանորոգման համար Ախալքալաքի տեղական բյուջեից հատկացվել է 155 499 լարի:
Նա ասում է, որ մեղավոր չէ էլեկտրագծերի կարճ միացման համար: Նորայրի խոսքով՝ շինանյութերի պակասի պատճառով նա չի կարող ավարտին հասցնել վերանորոգումը:
«Աշխատանքն ավարտելու համար հարկավոր է փող, որը չկա, ես այդ ամենը չպետք է անեմ իմ գրպանից», – ասում է Նորայր Մանասյանը:
Նա մեզ խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել քաղաքապետարան, քանի որ միայն նրանք են իրավասու այս հարցով:
«Տանիքը վերանորոգելու համար բավարար գումար չկա: Ես դիմել եմ քաղաքապետարան՝ կապված նախահաշվի ճշգրտման հետ և դեռ պատասխան չեմ ստացել», – ասում է Նորայր Մանասյանը:
Ըստ տենդերային պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2019 թվականի օգոստոսի 22-ը, բայց, ինչպես մեզ տեղեկացրին քաղաքապետարանից, կատարման ժամկետը երկարացվել է անհայտ ժամանակահատվածով:
Այս պահին ավարտվել է աշխատանքների շուրջ 50%-ը:
Այսօր մեզ չհաջողվեց զրուցել քաղաքապետի հետ՝ նրա զբաղվածության պատճառով, սակայն մենք հետևում ենք զարգացումներին:
Բրատիսլավ Իգիթխանյան