«14-րդ ավանի» երկու բնակիչներ դժգոհում են, որ փողոցի ասֆալտապատման ժամանակ բանվորները վնասել են ջրախողովակը եւ հիմա չեն ուզում վերականգնել այն: «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, որը վերականգնում է ճանապարհը, հրաժարվում է պատասխանատվությունից, ասելով, որ դա նրանց մեղքով չի եղել:

Ավելի քան մեկ շաբաթ է ինչ «14-րդ ավանում» ջուրը հոսում է Թբիլիսյան նրբանցքի նոր ասֆալտի վրայով: Երկու բնակիչներ, որոնց ջրախողովակը գտնվում է այնտեղ, բողոքում են, որ ջրախողովակը վնասել են բանվորները և պահանջում են, որ իրենք էլ վերականգնեն: Բնակիչները չգիտեն, թե կոնկրետ ում խողովակն է պայթել, քանի որ այնտեղով երկու բնակիչների խողովակներն էլ անցնում են: Մեկ շաբաթից ավելի է, ինչ այս երկու բնակիչների տներում ջուր չկա:

«Ջավախ Ավտո Գզա» շինարարական ընկերությունը, որը այս փողոցում իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ, հրաժարվում է վերանորոգելուց պատճառաբանելով, որ դա եղել է իրենցից հետո եւ նրանք դրանում մեղավոր չեն: Ջրախողովակը վերանորոգելուց հրաժարվում է նաև Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, քանի որ վթարը կենտրոնական գծում չէ, այլ մասնավոր հատվածում:

Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանն ասում է, որ նրանք կարող են միայն օգնել:

«Այն մասնավոր ջրագիծ է, ես առաջարկեցի աշխատող ուղարկել իրենց օգնելու համար, բայց նրանք նաեւ ցանկանում են տեխնիկա, իսկ ես իրավունք չունեմ տեխնիկա ուղարկել», – ասաց Արտակ Թառլամազյանը:

«Ասֆալտապատման ընթացքում խողովակները կատոկի ցնցումներից պայթել են, եւ ջուրը հոսում է: Ընկերությունից ասում են, որ իրենք մեղավոր չեն, իրենք իրենց գործն արել են, եւ ջրամատակարարումը պետք է վերանորոգվի այն մարդկանց կողմից, ում դա պատկանում է: Երբ կատոկն աշխատում էր ջուրն արդեն կար, ուղղակի մենք մտածեցինք, որ ռադիատորից է հոսում, բայց հետո աստիճանաբար ջուրը շատացավ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ մենք ջուրը կրում ենք հարեւաններից », – դժգոհում է Ավթանդիլ Մազմանիշվիլին:

Երկրորդ բնակիչ Մերուժ Քոչոյանն ափսոսում է, որ նոր ասֆալտը փչանում է:

«Մեկ շաբաթ է, ինչ ջուրը հոսում է ասֆալտի վրայով, արդեն այն փչանում է, ափսոս է, գոնե շուտ վերանորոգեն», – ասում է Մերուժ Քոչոյանը:

«Ջավախ ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեն չպատասխանեց մեր հարցերին, ասելով հետեւյալը.

«Այլևս մեզ չզանգահարեք, չգիտեմ, թե ով ինչ է ասում: Քաղաքապետարան կա, Սակրեբուլո կա, թող դիմեն նրանց»:

Շուշան Շիրինյան