Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, սահմանային ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության մեղադրանքով, դատական որոշման հիման վրա, ձերբակալվել է Կարծախ գյուղի երեք բնակիչ:

353-րդ հոդվածը նախատեսում է այնպիսի հանցանք, ինչպիսին է «դիմակայում, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի պահապանի կամ այլ պետական ծառայողի նկատմամբ»: Երկրորդ կետը նախատեսում է նույն գործողությունը մի խումբ անձանց կողմից եւ պատժվում է ազատազրկմամբ 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ անցած գիշեր ոստիկանության կողմից ձերբակալվել էին Կարծախ գյուղի 3 բնակիչ՝ Ա. Չոբանյանը, Ա. Թագվորյանը եւ Կ. Կարապետյանը:

Այս պատճառով, երեկ, մոտ մեկ ժամ Կարծախ գյուղի բնակիչներն արգելափակել էին պետական ճանապարհը եւ բացատրություն էին պահանջում, թե ինչու են իրենց գյուղացիները ձերբակալվել:

Շուշան Շիրինյան