«Տավշանկա» ճամբարի տենդերն այս տարի արդեն կայացել է, բայց ամենայն հավանականությամբ, հաղթողին կորակազրկեն, քանի որ նա նախնական գինը իջեցրել է 90,2% -ով: Ինչպես պարզվում է, դա պայմանավորված է եղել տեխնիկական սխալմունքով:

Ախալքալաքում ամռանը երեխաների համար արդեն 12 տարի գործող «Տավշանկա» ճամբարը շուտով սկսվելու էր: Մունիցիպալիտետի հայտարարած տենդերը կայացել է: Ճամբարի համար բյուջեից հատկացված է 25 423 լարի:

Վրաստանի պետական գնումների պաշտոնական կայքէջի համաձայն, Ախալքալաքի «Տավշանկա» ճամբարի տենդերին մասնակցել է ընդամենը մեկ անհատ ձեռնարկատեր՝ Գրիշա Ավետիսյանը: Մրցույթի արդյունքների համաձայն, նա հաղթել է 2495 լարի գումարով: Ստացվում է, որ նախնական գումարն իջեցվել է 90,2% -ով:

«Կայքում իսկապես աներեւակայելի չափով չնչին գումար է գրված: Չգիտեմ, հնարավոր է նրանք գրանցելիս սխալ են թույլ տվել, կամ էլ իրոք այդքան շատ նվազեցրել են: Մենք կորակազրկենք եւ շուտով կհայտարարենք նոր տենդեր, քանի որ այդքան գումարով 300 երեխայի համար ճամբար կազմակերպելը անիրատեսական է», – ասում է քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը:

Պարզելու համար, թե արդյոք տեխնիկական սխալ է եղել, թե գնորդը իրականում պատրաստվում է բյուջեի նման խնայողությամբ ճամբար կազմակերպել, մենք որոշեցինք դիմել գնորդին: Պետական գնումների կայքէջում նշված հեռախոսահամարը գոյություն չունի, այնտեղ բացակայում է մեկ թվանշան: Դրանից հետո, երբ մենք ճշտեցինք հեռախոսահամարը, եւ կարողացանք կապ հաստատել, անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը մեզ ասաց, որ դա տեխնիկական սխալ է եղել:

«Դա ստացվել է զուտ տեխնիկապես, պիտի կրճատեինք 50 թեթրին, թեթրիները ջնջելու հետ մեկտեղ ջնջվել է նաեւ հիմնական գումարի «3» թվանշանը»: Մեր գումարը 24 395 լարի է: Եթե հնարավոր է դա ուղղել, ապա կշտկենք այն, եթե ոչ, ապա այդ գումարով հնարավոր չէ անել», – ասաց Աիդա Թաթարյանը:

Նրա խոսքով, նրանք պատրաստ են մասնակցելու նոր տենդերին, եթե այն հայտարարվի:

Քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, մոտ օրերս կսկսվի «Տավշանկա» ճամբարի համար երեխաների գրանցումը:

Նշենք, որ այս տարիների ընթացքում ճամբարի աշխատանքում եւ կազմակերպության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, չհաշված այն փաստը, որ այս տարի մեկ հոսքը կտևի ոչ թե 15, այլ 10 օր, եւ կլինի ընդամենը 3 հոսք: Երեխաների ընդհանուր թիվը, ովքեր կկարողանան այս տարի հանգստանալ «Տավշանկա» ճամբարում՝ 300 հոգի է:

Երեխաները հավաքվում են քաղաքի կենտրոնում, ավտոբուսով նրանց տեղափոխում են «Տավշանկա» հանգստի գոտի, որտեղ երեխաները անցկացնում են իրենց օրը խաղալով, սովորելով: Ճամբարը նաև ապահովում է միանգամյա սնունդով:

Շուշան Շիրինյան