Այսօր, հունիսի 25-ին Ախալքալաքի թիվ 1, Մեսրոպ Մաշտոցի անվան մանկապարտեզում ջրծաղիկի կարանտին է հայտարարվել։

Հասարակական առողջության կենտրոնի տվյալներով, Ախալքալաք քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ջրծաղիկի 52 դեպք է գրանցվել, ինչի պատճառով մանկապարտեզում կարանտին է հայտարարվել:

«Մանկապարտեզից ինձ գրություն եկավ, որ ջրծաղիկ է տարածված: Մեր աշխատակիցներն անմիջապես այցելել են մանկապարտեզ և տեղում ուսումնասիրել իրավիճակը: 100-ից 52 հոգին հիվանդ է ջրծաղիկով, կարանտին ենք հայտարարել ու փակել մանկապարտեզը», – Jnews-ի հետ զրույցում նշեց Ախալքալաքի Հասարակական առողջապահության տնօրեն Ավետ Տոնականյանը:

Կարանտինը հայտարարված է 14 օրով:

Վերջինս հավելում է, որոշ ժամանակ առաջ քաղաքի վրացական դպրոցում էր տարածված ջրծաղիկը, սակայն կարանտինի անհրաժեշտություն չի եղել:

Տոնականյանը նշում է, զգուշության նկատառումներից ելնելով իրենց կենտրոնի աշխատակիցները ստուգումներ կանցկացնեն Ախալքալաքի շրջանի բոլոր մանկապարտեզներում:

Ախալքալաքի Մանկապարտեզների Միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը հաստատեց, որ մանկապարտեզում իրոք տարածված է ջրծաղիկ հիվանդությունը:

«Ջրծաղիկ տարածված էր, ամենափոքրերի խմբում, 32 երեխայից երեկ 20 բացակայում էին, չնայած մենք դիզինֆեկցիա արեցինք, բայց դա չօգնեց: Գրեթե 60 երեխա մանկապարտեզ չի գալիս, նույնիսկ դաստիարակն է հիվանդացել: Մենք դիմեցինք Հասարակական առողջության կենտրոն, որպեսզի հիվանդության կանխարգելման միջոցներ ձեռնարկեն»,- ասաց նա:

Ջրծաղիկի հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։