Մեկ տարի առաջ, մասնագիտությամբ գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը Ախալքալաքի շրջանի Կիրովական գյուղում փորձնական կտավատ էր ցանել: Նա կարողացել է ստացած ամբողջ բերքը հաջողությամբ իրացնել: Ավելին՝ այս տարի նա կրկնապատկել է կտավատի ցանքատարածությունները:

Մեր շրջանում ոչ ավանդական համարվող կտավատի աճեցմամբ և ձեթի արտադրությամբ է զբաղվում Եղիշե Աղաջանյանը: Վերջինս կտավատի յուղատու տեսակն աճեցրել է իր տնամերձ հողամասում. «Առաջին փորձն է ու արդարացված: Սա փորձ էր՝ զուտ մեր տարածաշրջանի մարդկանց ցույց տալու ու ապացուցելու, որ կարող են մշակել ոչ ավանդական մշակաբույս ու ավելի շատ եկամուտ ստանալ: Պետք չէ վախենալ», – ասում է Եղիշեն:

1 հա-ից ստացած ամբողջ բերքը Եղիշեն կարողացել է իրացնել տեղական շուկայում: Նա գոհ է ստացած արդյունքներից և այս տարի 1 հա-ի փոխարեն 2 հա կտավատ է ցանել:

«Կարող եմ ասել, որ շահավետ է կտավատ մշակելը: Կարողացել եմ ստացածս բերքն ամբողջությամբ իրացնել հենց տեղական շուկայում: 1 լիտր կտավատի ձեթն իրացրել եմ 40 լարիով: Միակ վատ բանն այն է, որ քիչ-քիչ է փողը հավաքում, միանգամից չես կարող իրացնել»,- նշում է Եղիշե Աղաջանյանը:

Ֆերմերը շրջանում տարբեր մշակաբույսերի աճեցման ու իրացման մասին իր պատկերացումներն ունի:

Կարծում է՝ գյուղացիները պետք է փորձեն նոր մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել և առավել մեծ եկամուտ ստանալ: Նա այս տարի կտավատին զուգահեռ կարտոֆիլ, ցորեն, գարի և 2 հա սոխ է ցանել:

«Իմ կարծիքով անընդհատ պետք է նոր մշակաբույս աճեցնել: Այս տարի որոշեցի մեծ ցանքատարածության վրա սոխ աճեցնել: Հոյս ունեմ լավ բերք կստանամ ու կկարողանամ հաջողությամբ իրացնել»,- ասում է նա:

«Բանան չենք աճեցնում, որ վախենանք, ընդամենը կտավատ ենք ցանել»

Աղունիկ Այվազյան