Այսօր, մայիսի 9-ին Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված մայիսյան հաղթանակներին: Ինպես նաև միջոցառման ժամանակ Հայաստանի Սփյուքի նախարարության կողմից կատարվեց պարգևատրումներ:
Նախքան միջոցառման մեկնարկը Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով մանկավարժներին հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից պարգևներ հանձնեց Երիտասարդական կենտրոնների երեք մանկավարժի:
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը պարգևատրվեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի մանկավարժ Լալա Շահբեկյանն արժանացավ «Մայրենիի դեսպան» մեդալի, իսկ Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի մանկավարժ Տիրուհի Համբարձումյանը պատվոգրի։
Այնուհետև հնչեց Վրաստանի ու Հայաստանի պետական հիմները, որին հաջորդեց միասնական Տերունական աղոթքը:
Կենտրոնի սաներն առանձնակի հպարտությամբ ու ոգևորությամբ ներկաներին պատմեցին Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում հաղթանակի և Արցախի զինված ուժերի ստեղծման հետաքրքիր դրվագները:
Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնները հանդես եկան համատեղ համերգային ծրագրով՝ ասմունք, երգ ու պար: ‘
Միջոցառմանն անկրկնելի կատարմամբ հանդես եկավ փոքրիկ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովը: Նա հանդես եկավ Ա. Բաբաջանյանի մշակմամբ «Վաղարշապատ» դաշնամուրային կատարմամբ: Այսօր ոչ միայն եռատոն է, այլև փոքրիկ դաշնակահարուհու ծննդյան օրը: Ինչի կապակցությամբ նա Երիտասարդական կենտրոնի կողմից հուշանվեր ու ծաղկեփունջ ստացավ:
Ախալքալաքում եռատոնին նվիրված միջոցառմանը ներկա էին՝ Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը, Ախալքալաաքի քաղաքապետարանի Երիտասարդության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը, Մշակույթի տան ղեկավար աշուղ Ալիք Քսպոյանը և այլք: