Ախալքալաքի տարբեր փողոցներում ճանապարհային նշաններ կան, որոնք հաճախ հակասում են միմյանց, ստեղծում են խնդիրներ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի համար՝ դառնալով վթարի կամ վեճի պատճառ: Ախալքալաքի քաղաքապետարանը պատրաստել է քաղաքում երթեւեկության կարգավորման նոր նախագիծ, որը շուտով կներկայացվի Սակրեբուլոյին:

Ամեն ինչ սկսվեց մեկ ճանապարհային նշանից, որը դարձավ Ճավճավաձե փողոցի բնակչի եւ բուքմեյքերական գրասենյակի սեփականատերերի միջեւ վիճաբանության մի կաթիլ մեղրը: Արդյունքում, քանի որ կողմերը չկարողացան համաձայնության գալ, խնդիրն ընդարձակվեց, եւ գործը հասավ նրան, որ ստեղծվեց հանձնաժողով, որը բաղկացած է քաղաքապետարանի աշխատակիցներից, Սակրեբուլոյի պատգամավորներից, պարեկային ոստիկանության ներկայացուցիչներից, հասարակական կազմակերպությունից եւ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ներկայացուցիչներից: Արդյունքում, հանձնաժողովը մշակել է ամբողջ քաղաքում ճանապարհային նշաններով երթեւեկության կարգավորման նոր նախագիծ:

«Մենք արդեն պատրաստել ենք նախագիծ, ուղարկել ենք, ավելի շուտ պետք է ուղարկենք Սամցխե-Ջավախքի Ճանապարհային ոստիկանության դեպարտամենտ` նրանց համաձայնությունը ստանալու համար: Թեեւ աշխատանքային խումբն ունի պարեկային ոստիկանության ներկայացուցիչ, որը մշտապես մասնակցել է աշխատանքին, բայց մենք ուզում ենք ստանալ պարեկային ոստիկանության համաձայնությունը՝ նախքան այն Սակրեբուլոյի հաստատման համար ուղարկելը: Նախագծում գրված է, թե որ փողոցը, որի ուղղությամբ է միակողմանի կամ երկկողմանի, կանգառները… Նախագծում կան հիմնականում միայն հետիոտնային նշաններ, զեբրաներ: Եթե այլ վայրերում նշաններ կատարելու անհրաժեշտություն լինի, առանձին փոփոխություն կկատարվի», – ասաց քաղաքապետարանի աշխատակից, Ախալքալաքում ճանապարհային նշանները ուսումնասիրող աշխատանքային խմբի ղեկավար՝ Վրեժ Բերիկյանը:

Ինչ վերաբերում է խնդրահարույց նշանին, քաղաքապետի աշխատակիցը հրաժարվեց մեկնաբանել վերոհիշյալ միջադեպը: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ այդ հարցով զբաղվում է դատարանը, եւ որ նոր նախագծով մանրամասն գրառված է, թե ինչ նշաններ կլինեն Ճավճավաձեի փողոցում:

Հիշեցնենք, որ «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի պատճառով, որը Ախալքալաքում տեղադրված է Ճավճավաձե փողոցի №5-ում, տեղի է ունեցել «առճակատում» այս փողոցի բնակիչի, այնտեղ գտնվող բուքմեյքերական գրասենյակի սեփականատերերի եւ քաղաքապետարանի միջեւ:

Այս խնդրի լուծման համար քաղաքապետարանը ստեղծել է հատուկ աշխատանքային հանձնաժողով, որը կուսումնասիրի ոչ միայն այս ճանապարհային նշանը տեղադրելու օրինականությունն ու հակաօրինականությունը, այլեւ քաղաքի բոլոր ճանապարհային նշանների վիճակը: