Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիային քրեական պատասխանատվության է ենթարկել: Նա մեղադրվում է պետության միջոցները անօրինական ճանապարհով սեփականացնելու մեջ:

Հակակոռուպցիոն գործակալությունը տեղեկացնում է, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ Բասիլիան աշխատանքային իրավասություններն չարաշահելով, խարդախությամբ սեփականացրել է պետությանը պատկանող մեծ գումարներ։

Հետաքննությունը պարզել է, որ 2018 թվականի ապրիլի 18-22 Թուրքիայի հանրապետությունում, քաղաք Ստամբուլում Շոտոկանի 9-րդ առաջնությանը Վրաստանի կարատեի ազգային հավաքականի անդամների մասնակցության համար Մշակույթի և սպորտի նախարարության կողմից համապատասխան ֆինանսավորում է հատկացվել։ Չնայած նրան, որ մրցույթին մասնակցել է 4 մարզիկ, Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլիան 2018 թվականի ապրիլի 27-ին և մայիսի 28-ին Մշակույթի և սպորտի նախարարությանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, ըստ որոնց Թուրքիայի հանրապետությունում անցկացված առաջնությանը Վրաստանի ազգային հավաքականի 10 ներկայացուցիչ է մասնակցել։ Նախարարությանը խաբելով, Կախա Բասիլիան 6 մասնակցի ճանապարհորդության համար հատկացված 10 441 լարին գրպանել է։

Նշված հանցագործության համար Կախա Բ-ն մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի համաձայն, ինչի հետևանքով կենթարկվի 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկման։