Ջավախքցի որոշ երկքաղաքացի երիտասարդներ չեն կարող վերադառնալ Վրաստան, ստիպված մնում են Հայաստանում, քանի որ նրանց նկատմամբ զինվորական ծառայությունից խուսափելու փաստով քրեական գործ կա հարուցված: Հնարավոր պատճառը զինծառայության կեղծ գրքույկներն են:
Գևորգն (անունը փոխված է իր խնդրանքով) արդեն 14 օր է Հայաստանում է: Նա չի կարողանում տուն վերադառնալ: Պարզվում է իր դեմ գործ է հարուցված Հայաստանի քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (Զինծառայությունից խուսափել): Գևորգը 26 տարեկան է, ապրում է Նինոծմինդա քաղաքում: Երեք տարի է Հայաստանի երկքաղաքացիություն է ստացել: Եվ երեք տարի նա որևէ խնդիր չի ունեցել Հայաստան մտնելիս կամ դուրս գալիս, երբ Ռուսաստան էր մեկնում արտագնա աշխատանքի:
Վերջինս զարմացած է՝ ինչո՞ւ հանկարծ հիշեցին այս մասին: «Այս տարիների ընթացքում խնդիր չէի ունեցել, ինչ իմանայի, որ հետախուզման մեջ եմ: Հայաստան մտնելիս ձերբակալեցին: Ասում են, որ խուսափել եմ ծառայությունից, բայց երբ Հայաստանի քաղաքացիություն էի ստանում, ներկայացրել եմ զինվորական գրքույկ, որ Վրաստանում անցել եմ ծառայություն», – պատմում է Գևորգը:
Նրա խոսքերով դեռ անհայտ է, ինքը կկարողանա ընտանիքի հետ միասին Ամանորը դիմավորել, թե՝ ոչ: Քանի-որ դեռ անհայտ է, դատական նիստի օրը:
Երկքաղաքացիություն
Հայաստանում 2008 թվականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց հետո, երբ ընդունվեցին փոփոխությունները «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց երկքաղաքացիություն:
ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, ով ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն: Նա ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
ՀՀ երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Զինակոչման հետ կապված խնդիրները
«Զինապարտության մասին» օրենքում նշված է. ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը, ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների:
Բանն այն է, որ ջավախքցիները երկքաղաքացիություն ստանալիս ներկայացրել են համապատասխան փաստաթուղթ (զինվորական գրքույկ), որ Վրաստանում են ծառայել: Ամբողջ խնդիրը նրանում է, որ տարիներ շարունակ Վրաստանի քաղաքացիները Հայաստանի երկքաղաքացիություն ստանալիս ներկայացրել են զինվորական կեղծ գրքույկներ:
Արսենն (անունը փոխված է) այն երիտասարդներից է, ով ՀՀ քաղաքացիություն ստանալիս կանգնել է փաստի առաջ և բավականին մեծ գումար է ծախսել:
«Ախալքալաքից զինվորական գրքույկ գնեցի 600 դոլարով, գնացի Հայաստան թղթերս ներս տվի քաղաքացիություն ստանալու համար: Հայաստանից հարցում էին ուղարկել, ճշտելու համար, արդյոք ծառայել եմ և այդ ժամանակ առաջացան բազմաթիվ խնդիրներ: Իրականում այստեղ հստակ մի օղակ է գործում: Մարդիկ նստած գումար են աշխատում: Ես մի տարվա աշխատանքս ծախսել եմ անձնագրի վրա»,- պատմում է Արսենը:
Jnews-ի տեղեկությութններով կոռուպցիոն մեխանիզմն իրականում շատ պարզ է. միջինը 600 դոլար արժողությամբ զինվորական գրքույկ, 300 դոլարի չափ էլ, որպեսզի հաստատեն, որ իրական ծառայություն ես անցել:
2008 թվականից մինչ օրս այս մեխանիզմն անխափան գործել է, արդյունքում հազարավոր ջավախքցիներ ստացել են Հայաստանի քաղաքացիություն:
Օրենք ու պատասխանատվություն
Երկքաղաքացիություն ստացած ջավախքցիները հետախուզվում են Հայաստանի Քրեական օրենսգրքի 327 հոդվածով՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Հոդված 327. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը 1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, 2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
Զինվորական կեղծ գրքույկների հարցը կփորձենք ուսումնասիրել ավելի խորը:
Աղունիկ Այվազյան