Սպանությունը Փոկայում տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա, այս մասին հայտարարում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, գյուղացիները դա չեն ժխտում, չնայած նրանք չեն ցանկանում խոսել մանրամասների մասին:
Գյուղում բոլորը զբաղված են իրենց գործով, մարդիկ դեպքի վայրի մոտակայքում վերանորոգում են անում: Ոչ-ոք չի ցանկանում խոսել կատարվածի մասին, մեր հարցերին պատասխանում են, թե ինչու ենք իրենց հարցաքննում: Գյուղի բնակիչներից մի կին ասաց, որ սպանվածն ամուսնացած չէր, ձերբակալվածն ամուսնացած է եւ ընտանիք ունի: Նրա խոսքերով, նրանց միջեւ տեղի ունեցած ընդհարումն առաջացել է մի քանի ամիս առաջ, նույնիսկ նրանց միջեւ դանակահարություն է եղել: Երկուսն էլ Փոկա գյուղից են:
Բնակիչներն ասում են, որ իրենք չեն լսել կրակոցի ձայնը` նշելով, որ ընդհարումը տեղի է ունեցել փողի պատճառով:
Այսօր, կեսօրից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում, գյուղի հասարակական կենտրոնի մոտ սպանություն է տեղի ունեցել, հրազենով գնդակահարվել է 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թարմ հետքերով ձերբակալել է Գ.Մ.-ին, ծնված 1986 թ.՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով: Ձերբակալվածը ճանաչել է առաջադրված մեղադրանքը:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն», որը պատժվում է ազատազրկմամբ 7-15 տարի ժամկետով: