Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, գյուղացիների հաշվարկով, 1 ամսում 7 կով է սատկել: Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բաժնի տվյալներով 3-ն է սատկել և գյուղի բոլոր կովերին սրսկել են դերմատիտ հիվանդության դեմ պատվաստանյութը:

Jnews-ը մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Ախալխալաքի շրջանում կովերի մոտ տարածված դերմատիտ հիվանդության մասին: Համապատասխան մարմինները վստահեցնում են, որ վարակը կանխված է: Սակայն այսօր առավոտյան ահազանգ ստացանք Կուլիկամ գյուղի բնակիչներից:

Նրանք հատ-հատ նշում են, թե վերջին 20 օրերի ընթացքում քանի կով է սատկել, և հաշվարկում գյուղացիների կրած վնասի չափը:

«Ով պետք է վարձահատույց լինի մեզ: Եթե ուզում եք անուններով կարող եմ նշել, ում կովն է սատկել, երկու օր առաջ էլ մի մարդու երկու կովը միանգամից է սատկել: Մարդիկ թաքցնում են, որ իրենց կովը սատկել է, գիշերով թաքուն տանում թաղում են, որպեսզի կարողանան մյուս անասուններին գոնե մորթել և միսը վաճառել»,- ասաց Կուլիկամ գյուղի բնակիչ Անահիտը:

Վերջինս նաև նշում է, որ եկել հիվանդության դեմ պատվաստել են նաև իր երկու կովերին, սակայն տեսնելով, որ այդ սրսկումը չի օգնել, նա անասնաբույժի խորհրդով քաղաքից այլ դեղ է գնել և սրսկել տվել:

«80 լարիի դեղ եմ գնել սրսկելու համար, երևի դա իմ կովերին փրկեց: Վախից արոտավայր չեմ ուղարկում, որ մյուս կովերից չվարակվեն», – նշում է Անահիտը:

Մենք փորձեցինք իրավիճակի մասին ճշտել Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բաժնից:

«Կուլիկամ գյուղում սատկել է 3 կով, երկուսի մասին տեղյակ էինք, իսկ մեկի մասին մեզ չեն հայտնել: Իսկ ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Կուլիկամ գյուղում արդեն ավարտել ենք»,- ասաց Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բաժնի տնօրեն Լիա Բեքաուրին:

Մենք եղանք նաև Ախալքալաքի շուկայում և խոսեցինք մսավաճառների հետ: Նրանք վստահեցնում են, վաճառասեղանին հիվանդ անասունի միս չկա ու չի եղել:

«Այդքան հեշտ մի պատկերացրեք: Մարդկանց առողջության հետ գործ ունենք, հիվանդ միս չենք վաճառում: Միսը վաճառասեղանին հայտնվելուց առաջ ստուգում է անցնում»,- ասաց մսավաճառներից մեկը:

Աղունիկ Այվազյան