Անցյալ տարվա աշնանը կառուցված Դադեշ գյուղի ջրամբարը, որն այս տարվա ամռանը պետք է ծառայեր որպես անասունների ջուր խմելու տեղ, հորդառատ անձրևներից հետո, երեկ փլուզվեց: Թափվող ջուրը վնաս չի պատճառել:

Ջրամբարը կառուցվել է Դադեշ գյուղի համար, որ շոգին՝ օգոստոս-սեպտեմբերին, անասունները խմելու ջուր ունենան, քանի որ լեռնային աղբյուրները, որոնցից անասունները հիմա ջուր են խմում, ցամաքում են: Ջրամբարը գտնվում է գյուղից 4 կմ հեռավորության վրա, լեռներում:

«Ջրամբարը փլվեց: Անորակ էին կառուցել, ոչ տռամբովկա էին արել, ոչ էլ կավն էին դուրս հանել տակից: Հողը փորել են, դրանով արել են ցանկապատում և վերջ », – ասում է Մովսեսյան Շուռան:

Դադեշ գյուղի մեկ այլ բնակչի խոսքով, այս ջրամբարը շատ անհրաժեշտ է նրանց, առանց դրա նրանք անընդհատ վիճում են Սուլդա գյուղի բնակիչների հետ:

«Շոգերին մենք միշտ ջուր չունենք: Մենք անասունները քշում ենք Սուլդայի ջրամբար, իսկ նրանք թույլ չեն տալիս: Մենք անընդհատ կռվում ենք նրանց հետ, իսկ ինչ անենք անասունները կարող են սատկել ծարավից », – ասում է Վարշամ Թումասյանը:

Դադեշ գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը միջադեպի մասին զեկույց է պատրաստում Ախալքալաքի քաղաքապետին ներկայացնելու համար:

«Թող հանձնաժողով գա նայի և պարզի, փլուզման պատճառը հորդառատ անձրևներն էին, թե շինարարական անորակությունը: Եթե արագ գումար հատկացնեն, մենք կարող ենք վերանորոգել, և ջրամբարը կարող է ծառայել օգոստոսին և սեպտեմբերին: Հենց այս ժամանակ է լեռներում և դաշտերում ջուրը սակավանում », – ասում է Էդգար Թումասյանը:

Ջրամբարն ուներ երեք արտահոսելու տեղ և դրանք բաց էին, սակայն հողե պատնեշը միևնույնն է չդիմացավ:

dadeshhh

Ջրամբարը կառուցող անհատ ձեռներեց Արթուր Ափոյանն ասում է, որ իր մեղքն այստեղ չկա:
«Ջրհեղեղ է եղել և ջուրը քանդել է ջրամբարը: Ես դրա հետ ինչ կապ ունեմ: Սա բնական աղետ է: Այո, դեռ երաշխիքային ժամկետում է: Ես կառուցեմ, հետո ջուրը քանդի, նորից կառուցեմ, կրկին փլուզվի, մինչ անձրևները դադարեն », ասում է Արթուր Ափոյանը:

dadeshh

Ով է մեղավոր, անձրևը թե կառուցողը, ամենայն հավանականությամբ, կորոշվի երբ մասնագետը դիմի քաղաքապետարան: Իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դադեշցիների անասունները խմելու ջուր կունենան թե ոչ, նույնպես մնում է անորոշ:

Շուշան Շիրինյան