Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում գյուղացիները փակել են ճանապարհը, պահանջելով որ ազատ արձակեն համագյուղացիներին, որոնց ձերբակալել են Խոզապին լճից խեցգետին որսալու համար։

Հարություն Կոբալյանին և Արման Միքայելյանին այսօր տարել են ոստիկանություն։

Սա գյուղում լճից ձուկ և խեցգետին որսալու համար ձերբակալման և տուգանման առաջին դեպքը չէ։ Վերջերս նույն գործով տուգանվել են ևս 4 Կարծախի բնակիչ։ «18 հազար լարի տուգանք վճարեցի, գյուղացիներն են օգնել, որ գումարը հայթհայթվել է, սակայն այդ փողն էլ մարդկանց վերադարձնել է պետք, թե որտեղից եմ գտնելու չգիտեմ»,- մեզ հետ զրույցում ասաց վերջերս տուգանքը վճարած Կարծախի բնակիչը։

karcakh

Ոստիկանության մամլո ծառայությունից խոստացան, որ կպարզեն կարծախցիների պահով ինչ գործ է հարուցված։ Մենք սպասում ենք պատասխանի։

«Ճանապարհը չենք բացելու մինչև տղաները չվերադառնան տուն, էդ լիճը մերն է եղել, հիմա մեզ արգելում են մեր աճեցրած ձուկն ու խեցգետինը որսալու։ Ինչո՞ւ նույն լճից Թուրքիայի կողմից կարելի է ձուկ բռնել, մեր կողմից ոչ։ Ի՞նչ հանցագործություն է արել տղաս, որ 50 000 լարի տուգանք վճարի, մեր աճեցրած խեցգետինն է որսացել»,- ասում է ձերբակալվածներից մեկի մայրը, ով ցույց տվեց մեզ, թե ինչպիսի ծանր պայմաններում է ապրում 13 հոգուց բաղկացած ընտանիքը։

կարծախ

Գյուղացիները պնդում են, որ ճանապարհը կբացեն, միայն Արմանին և Հարությունին ազատ արձակելուց հետո։